Հնդկաստանի կառավարող Համագումար կուսակցության ղեկավար Սոնիա Գանդին, ԱՄՆ-ում վիրահատության ենթարկվելուց հետո, առաջին անգամ հանդես է եկել հրապարակային ելույթով։ Հիվանդության մասին որեւէ մանրամասնություն չի հաղորդվում։ Ոչինչ չի հրապարակվում նաեւ այն մասին, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում։
Գանդին Նյու Դելիում կիրակի օրը մասնակցել է անկախության հերոս Մահաթմա Գանդիի ծննդյան տարեդարձի կապակցությամբ անցկացված արարողություններին։
Սոնիա Գանդին ԱՄՆ-ից Հնդկաստան է վերադարձել սեպտեմբերի սկզբին ու աշխատանքի վերադարձել դրանից մեկ շաբաթ անց։
Իր բացակայության ժամանակ կուսակցությունը ղեկավարելու համար նա նշանակել էր 4 հոգուց բաղկացած խորհուրդ։ Խորհրդի անդամներից մեկը նրա որդին էր՝ Ռահուլ Գանդին, որը շատերի կարծիքով կարող է դառնալ երկրի վարչապետ։