Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ


ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով, սակայն նորից խուսափեց «ցեղասպանություն» բառն արտասանելուց:

«Մենք բոլորս այսօր հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերը, որոնք դարձան 20-րդ դարի ամենամեծ ոճրագործությունը: 1915 թվականին, Օսմանյան կայսրության վերջին տարիներին ջարդի ենթարկվեց 1,5 միլիոն հայ և ես այդ հարցով պարբերաբար եմ հայտնել իմ տեսակետը, տեսակետ, որն այսօր էլ չի փոխվել»:

Ուղերձում այնուհետև ասվում է, որ պատմական իրադարձությունների նկատմամբ անկեղծ ու արդար մոտեցումները բխում են բոլորի շահերից:

«Պատմական փաստերի նկատմամբ հակասական մոտեցումներն ապակայունացնում են ներկան և բիծ դնում այն մարդկանց հիշատակի վրա, ովքեր կորցրին իրենց կյանքը: Իսկ անցյալն ընդունելու հանգամանքը կարող է դնել խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքերը»:

Օբամայի խոսքերով, պատմությունը տալիս է դասեր այն մասին, որ պետություններն ավելի ուժեղ և նրանց դատն ավելի արդար է, եթե այդ պետություններն ընդունում են ցավալի անցյալը և աշխատում` ավելի լավ ապագայի համար փոխըմբռնման կամուրջներ կառուցելու ուղղությամբ:

«Միացյալ Նահանգներն այս դասը լավ է սերտել մեր պատմության մութ էջերից: Ու ես աջակցում եմ Հայաստանում ու Թուրքիայում մարդկանց կողմից ձեռնարկվող խիզախ քայլերը, որոնց նպատակը իրենց ընդհանուր պատմության շուրջ երկխոսություն սկսելն է:

Այսօր, երբ մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը և հարգում զոհերի հիշատակը, մեկ անգամ ևս պարտավորվում ենք ամեն ինչ անել կործանարար նման իրադարձություններ ապագայում թույլ չտալու համար: Այս ուղղությամբ են աշխատում նաև Ամերիկայի հազարավոր հայեր»:

Հայ ժողովրդի ժառանգությունը նորից ոտքի կանգնելու, վճռականության և իրենց ոչնչացնել ցանկացողներին հաղթելու մեջ է: Միացյալ Նահանգները մեծապես է օգտվել այս երկրի համար Ամերիկայի հայերի նշանակալի ներդրումներով, մարդիկ, որոնց մի մեծ մասը Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգորդներն են:

Ամերիկայի հայերը ամրապնդել են մեր երկիրը, այստեղ բնակվող ժողովուրդներին ու համայնքներին մշակութային իրենց հարուստ պատմությամբ ու ավանդույթներով դաստիարակելով:

Ողբերգական պատմություն անցած հայ ժողովրդի ոգին ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են հաստատել ավելի խաղաղ ու արդար աշխարհ:

Մենք հոգով ու մեր աղոթքներով կանգնած ենք աշխարհի բոլոր հայերի կողքին` միշտ հիշելով Մեծ Եղեռնի արհավիրքը:

Մենք հարգում ենք տառապածների հիշատակը, մեր բարեկամությունը հայտնում ու խորը հարգանքը մատուցում Հայաստանի ժողովրդին», - ասված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում:

XS
SM
MD
LG