Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ուղերձ է հղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին


Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների և անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետևողական ջանքերի համար:

Ընդգծելով, որ թեև Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռևս մնում է չիրագործված, Հայաստանի նախագահը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման և խաղաղության պահպանման համար:

«Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական և կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի», - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում վստահեցրել է Հայաստանի նախագահ Սարգսյանը:

XS
SM
MD
LG