Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սպիտակ տունը չի համարում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը գորգի պատմական նշանակությանը համապատասխանող


ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարը պատասխանել «Հայ որբերի գորգի» ցուցադրման վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Լաուրա Լուկաս Մագնուսոնին է հղել Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի մոտալուտ շնորհանդեսի ընթացքում «Հայ որբերի գորգը» «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրելու խնդրի վերաբերյալ հարց` խնդրելով բացատրել, թե ինչու է Սպիտակ տունը որոշել չտրամադրել գորգը ցուցադրության:

Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարը կրկին ափսոսանք է արտահայտել այն հանգամանքով, որ «Հայ որբերի գորգը», որը հայտնի է նաև «Ղազիրի գորգ» անվանմամբ, հնարավոր չէ տրամադրել Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի մոտալուտ շնորհանդեսի ընթացքում ցուցադրման համար՝ վերահաստատելով, որ Ղազիրի գորգը հիշեցում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին:

«ԱՄՆ-ի Սպիտակ տան հավաքածուի մաս կազմող իրերը տրամադրվում են «Սմիթսոնիան» կազմակերպության միմիայն ամբողջապես մշակված ցուցահանդեսներում ներառված լինելու նպատակով, այլ ոչ թե մեկանգամյա միջոցառումների համար: Բացի այդ, համաձայն արդեն երկար ժամանակ գործող քաղաքականության՝ Սպիտակ տան հավաքածուի մաս կազմող իրերը չեն տրամադրվում մասնավոր միջոցառումներին: Գրքի շնորհանդեսի մասնավոր միջոցառման ընթացքում գորգի ընդամենը կես օրով ցուցադրումը կդառնար ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում, կպահանջեր ԱՄՆ-ի Սպիտակ տնից դիմել հանրային սահմանափակ ցուցադրման նպատակով փոխադրման հետ կապված ռիսկի և չի համարվում գորգի պատմական նշանակությանը համապատասխանող», - նշված է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարի պատասխանում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ավելի քան 30 կոնգրեսական դրել են իրենց ստորագրությունները կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Դեյվիդ Վալադաոյի հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:

Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած երեխաների կողմից գործած գորգի ցուցադրումը թույլ չտալու մասին որոշումը չեղյալ հայտարարել հորդորող նամակով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային դիմել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը:

«Հորդորում եմ Ձեզ թույլատրել «Ղազիր գորգի» տրամադրումը՝ ցուցադրելու համար: Այն դեպքում, եթե գորգի պահպանության համար առկա են վտանգ ներկայացնող գործնական դժվարություններ, խնդրում եմ բացատրել ցուցադրումն անհնարին դարձնող այս խոչընդոտները: Եթե գորգը ցուցադրման համար տրամադրելու գործում թերանալու հիմքում ընկած են Թուրքիայի կառավարության մտահոգությունները, վճռականորեն հորդորում եմ Ձեզ կանգնել պատմական ազնվության և սկզբունքայնության կողքին և հակառակ ընթացք տալ այս հարցին, որպեսզի գորգը կարողանա դառնալ բաց կրթական երկխոսության մաս», - ասված է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի կողմից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակում:
XS
SM
MD
LG