Մատչելի հղումներ

«Թուրք հովվի ուղղությամբ կրակ էր բացել ռուս սահմանապահը»


Հայաստանի տարածք Թուրքիայից անցած հովիվը սպանվել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի ծառայողի կողմից բացած կրակից

«Հայ-թուրքական սահմանը հատած թուրք հովիվը կրակ էր բացել Ռուսաստանի սահմանապահ ծառայության ծառայողներից մեկի ուղղությամբ, որը պատասխան կրակ էր բացել»:

Այս մասին, ըստ «Հուրիեթ» պարբերականի, տեղեկացրել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, որն ասել է նաև, որ միջադեպի փաստով կատարվում է հետաքննություն:

«Միջադեպում ներառված է եղել Ռուսաստանի սահմանապահը», - գրում է «Հուրիեթ»-ը՝ վկայակոչելով Հայաստանի արտգործնախարարության և Հայաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները:

Հայաստանյան աղբյուրների համաձայն, Հայաստանի արտգործնախարարությունը օգոստոսի 1-ին հայտագրով դիմել էր թուրքական կողմին: Հայտագրում Հայաստանի արտգործնախարարությունը ցավ է արտահայտել դեպքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նման դեպքերն ապագայում չեն կրկնվի:

«Հուրիեթ»-ի վկայությամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող դեսպանության միջոցով սահմանային միջադեպից հետո դիվանագիտական նոտա էր նախօրեին ուղարկել Երևանին՝ մեղադրելով Հայաստանին ուժի չափազանց կիրառման մեջ:

«Հայաստանը, անզեն խաղաղ բնակչին ոչ համաչափ ուժի կիրառման միջոցով սպանելով, անտեսել է այն հանգամանքը, որ սահմանի հատումը որևէ վտանգ չի ներկայացրել երկրի համար: Նման զարգացումները վկայում են Հարավային Կովկասի տարածաշրջանում լիարժեք, կայուն և համապարփակ կարգավորման գործընթացի անհրաժեշտության մասին», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության նոտայում:
XS
SM
MD
LG