Մատչելի հղումներ

Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը


«Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ»

«Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

«Առաջիկա հինգ տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ և վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձևը», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ ասել է Սերժ Սարգսյանը:

«Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ», - ասված է Սերժ Սարգսյանի ելույթում:

«Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու և մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն և ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետևողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու», - եզրափակում է Սերժ Սարգսյանի ելույթը:
XS
SM
MD
LG