Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Armenan FM Nalbandian Meeting with OSCE Minsk Group Co-Chairs, Yerevan, December 16, 2013
Armenan FM Nalbandian Meeting with OSCE Minsk Group Co-Chairs, Yerevan, December 16, 2013
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության, Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:

«Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա», - ասված է հաղորդագրության մեջ: - «Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ»։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

«Հանդիպմանը արծարծվել է հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպման մասին հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG