Մատչելի հղումներ

«Amnesty International». «Ռուսաստանում 1200 միգրանտի ձերբակալությունը խտրականության դրսևորում է»


«Ռուսաստանի իշխանությունները պետք է պայքարեն ընդդեմ երկրում ռասիզմի հետզհետե թափ հավաքող խնդրի՝ լուծելով միգրանտների խմբերի դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները»

«Մոսկվայի շուկաներից մեկում ավելի քան 1200 միգրանտի կամայական ձերբակալության ու ազատազրկմանն ուղղված գործողությունը, որն իրականացվել է՝ ի պատասխան ազգությամբ ռուս անձի սպանության, Ռուսաստանում ոստիկանության անհամաչափ և խտրականության հիմունքներով իրականացվող գործողությունների ևս մեկ օրինակ է»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը: Ռուսաստանի գծով կազմակերպության հետազոտող Դմիտրի Կրիվոշեևի համաձայն, միգրանտների ձերբակալություններն ակնհայտորեն անօրինական են:

«Ռուսաստանի իշխանությունները պետք է պայքարեն ընդդեմ երկրում ռասիզմի հետզհետե թափ հավաքող խնդրի՝ լուծելով միգրանտների խմբերի դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, ինչպես նաև պայքարելով այլատյացական հռետորաբանության դեմ, որով հագեցած է այս երկրի քաղաքականությունը և որը սխալ ուղերձ է հղում հասարակությանը», - ասել է «Amnesty International»-ի Ռուսաստանի գծով հետազոտողը:

Մոսկվայի Բիլյուլևո թաղամասում ազգությամբ ռուս 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեղադրանքով նախօրեին, ըստ հաղորդագրությունների, ձերբակալվել էր Ադրբեջանից Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած միգրանտ Օրհան Զեյնալովը:

Եգոր Շչերբակովի սպանությունը հրահրել է զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում խռովարարները կոտրել են այն խանութների պատուհանները, որտեղ աշխատում են միգրանտներ, և բախվել ոստիկանության ուժերի հետ:

«Իշխանությունը՝ սպիտակներին» կարգախոսները վանկարկող խռովարարները, ոստիկանության ուժերի ժամանելուց հետո, շշեր էին նետել նրանց ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողները ցրել էին խռովարարներին՝ կիրառելով մահակներ:

Մոսկվայի ոստիկանության համաձայն, խռովությունների հետևանքով վնասվածքներ է ստացել ոստիկանության մի քանի ծառայող: Խռովությունները դարձել են երեք տարվա ընթացքում միգրանտների դեմ ուղղված գործողությունների ամենասաստիկ դրսևորումը:
XS
SM
MD
LG