Մատչելի հղումներ

Ամերիկահայ կազմակերպություններն արձագանքել են նախագահ Օբամայի ուղերձին


Ամերիկահայ կազմակերպություններն արձագանքել են ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից արված ուղերձին՝ նշելով, որ իր ուղերձում նախագահ Օբաման «կրկին թերացել է այս հանցագործությունը ցեղասպանություն որակելուց»

Ամերիկահայ կազմակերպություններն արձագանքել են ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից արված ուղերձին՝ նշելով, որ իր ուղերձում նախագահ Օբաման «կրկին թերացել է այս հանցագործությունը ցեղասպանություն որակելուց»:

«Նախագահ Օբաման շարունակում է պատվիրակել Հայոց ցեղասպանության շուրջ իր քաղաքականությունը՝ ըստ էության վետոյի իրավունք տալով Թուրքիային մարդկության դեմ հանցագործության վերաբերյալ Ամերիկայի քաղաքականության նկատմամբ», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Խորապես հիասթափված ենք այն հանգամանքով, որ նախագահը կրկին հետ է կանգնել այն սկզբունքային դիրքորոշումից, որը զբաղեցնում էին նախորդ նախագահները: Մեր կողմից, հավատարիմ ենք մնում՝ Ամերիկայի ժողովրդի հիմնարար արժեքներին և մարդասիրական ոգուն Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը համաձայնեցնելուն», - շեշտել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:

Ամերիկայի հայկական համագումարն իր հերթին նշել է, որ նախագահ Օբաման «հետ է կանգնել՝ 2008 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ արված իր խոստումը կատարելուց, որի ընթացքում նախագահ Օբաման ասել էր, թե Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որը ճշմարտորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին և վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ տեղի ունենա ևս մեկ ցեղասպանություն: Գալիք տարի հարյուրերորդ տարելիցը մոտենալուն պես պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ Հայոց ցեղասպանության հետևանքների պատշաճ ճանաչումն ապահովելու նպատակով», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:
XS
SM
MD
LG