Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արտահայտել է իր տեսակետը Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի և Հայաստանում օրենքի գերակայության վերաբերյալ:
Հայտարարությունում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո իրեն դիմել են ԱՄՆ-ի դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
«Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից», - ասել է դեսպանը՝ հավելելով. «Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»:
«Ավելին՝ անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց», - շեշտել է դեսպան Հեֆերնը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում», - եզրափակել է իր ուղերձը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: