«Ազատություն ստանալու նման զգացում ես ապրում, երբ կարողանում ես կրկին անել այն, ինչ կարծում էիր՝ այլևս անկարող կլինես անել»:
Երբ դաշնային կառավարությունը սկսում է հետազոտել առողջապահության խնդիրները, անհրաժեշտ է ականջ դնել այս հետազոտության արդյունքներին: Այս տարի կառավարությունը մեկնարկել է մեծահասակների սկոլիոզի, այն է՝ ողնաշարի կորության առաջին երկարաժամկետ ուսումնասիրությունը: Նպատակն է՝ գտնել լավագույն բուժումը:
Ջուլիա Էփլերի մեջքի այս խնդիրը ժամանակին սահմանափակում էր իր կարողությունները։
«Տասնչորս տարեկանից մեջքի ցավ ունեմ», - ասում է Ջուլիան:
Քսան տարեկանում ախտորոշվելով մեծահասակի սկոլիոզով՝ նրա ողնաշարի կորությունը 24 աստիճանից հասել էր 54-ի: Ֆիզիկական բուժման և ներարկման փորձերը որևէ արդյունք չեն տվել:
Ջուլիայի համաձայն, դա հիասթափեցնող էր, և ինքը զգում էր, որ իր կարողությունները սահմանափակված էին:
Միացյալ Նահանգներում կես միլիոն մարդ ողնաշարի կորություն ունի , և նրանցից 40 տոկոսի մոտ ամեն տարի ցավն ուժեղանում է:
«Ողնաշարի ծերացումից և սկավառակների քայքայումից հետո շատերը սկսում են մեջքի և նույնիսկ ոտքի ցավեր ունենալ», - ասում է Մերիլենդ նահանգի ողնաշարի կենտրոնի բժիշկ Չարլզ Էդվարդսը:
Բժիշկ Էդվարդսի համաձայն, նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ողնաշարի վիրահատությունը կարող է միակ լուծումը լինել: Ամրակներ տեղադրման և ներարկումներ կատարելու միջոցով բուժումը երկարատև լուծում չէր ապահովում:
«Միացյալ Նահանգները տարեկան 860 միլիարդ դոլար է ծախսում բուժման այդ ձևերի վրա», - ասում է բժիշկը: Նրա համաձայն, սկզբում փորձում են դեղորայքային և ներարկումներ կատարելու միջոցով բուժումը, սակայն հաճախ պարզապես դիմում են վիրահատման, քանի որ այլ մեթոդներ հիվանդներին չեն օգնում:
Ուսումնասիրությունների համաձայն, վիրահատված հիվանդների, այդ թվում՝ 40-ից 80 տարեկան հիվանդների շարժունությունն ու կյանքի որակը բարելավվել են: Չվիրահատված հիվանդների մոտ որևէ բարելավում չի գրանցվել:
Ջուլիայի վիրահատությունը հաջող էր ավարտվել: «Այլևս չեմ զգում այդ սուր, այրող ցավը: Տարբերությունը հսկայական է», - ասում է նա:
Նրա համար պարզապես հանգիստ նստելու կարողությունն ինքնին պարգև է։
Մեծահասակների ողնաշարի ուսումնասիրությամբ Միացյալ Նահանգներում այժմ զբաղվում է վեց կենտրոն, որոնցից բոլորը ներկայումս հիվանդներ են ընդունում ուսումնասիրությունների համար: Բուժման արդյունքներն ակնկալվում է ստանալ 2015 թվականին :