Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հրապարակել է ԱՄՆ-ի զինուժի ձևափոխման ծրագիրը


Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբըրթ Գեյթսը հրապարակել է իր նախաձեռնությունը, որի նպատակն է ԱՄՆ-ի զինուժը համապատասխանեցնել ներկայիս` Իրաքի և Աֆղանստանի նման ոչ սովորական պատերազմների իրողությանը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբըրթ Գեյցը հայտարարել է, որ “ոչ ավանդական մոտեցում” է ցուցաբերում` կրճատելով ռազմական ծախսերը և վերհանելով ֆինանսավորման կարիք ունեցող նոր առաջնահերթություններ: Ներկայացված բյուջեն ներառում է թանկարժեք սովորական սպառազինությունների, ինչպես նաև ապստամբ գրոհայինների դեմ պայքարի համար, Գեյցի կարծիքով, ոչ արդյունավետ զենքերի համար նախատեսված ծախսերի կրճատում:

“Սա բարեփոխումների բյուջե է և արտացոլում է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներից քաղած դասերը: Միևնույն ժամանակ հաշվի են առնվել մի շարք հնարավոր սպառնալիքներ, որոնք կարող են ի հայտ գալ այժմ կամ ապագայում”, ասել է պաշտպանության նախարարը:

Ռոբըրթ Գեյցն նշել է, որ առավել մեծ գումարներ կներդրվեն ապստամբ գրոհայինների դեմ պայքարող հատուկ ուժերի սպառազինման համար: Նա նաև ասել է, որ առավել մեծ ներդրումներ են անհրաժեշտ բանակի և ծովային հետևակի համար` մասնավորապես զորամիավորների թիվն ընդլայնելու նպատակով:

Գեյթսը ցանկություն է հայտնել կանգնեցնել F-22 ռազմական օդանավերի արտադրությունը. օդանավ, որը ստեղծվել է որպես Խորհրդային Միության և այլ նախքին թշնամիների դեմ պայքարի միջոց: Միևնույն ժամանակ նա առաջարկել է ավելացնել առավել մեծ հնարավորություններ ունեցող և համեմատաբար առավել էժան F-35 ռազմական օդանավի արտադրությունը:

Նա նաև անդրադարձել է մեծ շառավղով հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու միջոցներին: "Մենք կշարունակենք գումարներ ներդնել այն հետազոտությունների և զարգացումների բնագավառում, որոնք մեզ կօգնեն ընդարձակել մեծ շառավղով հրթիռների վտանգներից պաշտպանվելու մեր հնարավորությունները: Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի բաց թողած հրթիռը մեկ անգամ ևս հիշեցրեց մեզ, որ այդպիսի վտանգներն իրական են”, ասել է նախարար Գեյթսը:

Ակնկալվում է, որ շատ կոնգրեսականներ դեմ կլինեն բյուջեի նախագծին, քանի որ որոշ նահանգներ ներկայացնող օրենսդիրներ չեն ցանկանում, որ պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալած ընկերությունները զրկվեն պետական պայմանագրային աշխատանքներից: Որոշ ընկերություններ արդեն իսկ զգուշացրել են, որ բազմաթիվ աշխատատեղեր կկրճատվեն, եթե նախատեսված ծրագրերը կարճվեն:

XS
SM
MD
LG