Մատչելի հղումներ

Թուրքիայում սկսվում է իշխանության զավթման մեջ մեղադրվողների դատավարությունը


Երկուշաբթի օրը նախատեսված է Թուրքիայի իշխող կուսակցության իշխանազրկման փորձի համար մեղադրվող ութսունվեց անձանց դատավարությունը: Սա առաջին դեպքն է, որ Թուրքիայի ռազմական պաշտոնյաները դատարանի առաջ են կանգնում հեղաշրջման մեղադրանքով:

Այս գործն սկիզբ է առել մեկ տարի առաջ, երբ Ստամբուլի ամենաաղքատ արվարձաններից մեկում զինամթերքի պաշար էր հայտնաբերվել: Գլխավոր դատախազ Այկուտ Չենգիզ Էնգինի տվյալներով` զինամթերքի հայտնաբերումը հանգեցրել է Էրգենեկոն կոչվող խմբի բացահայտմանը: Խմբի կազմում են նախքին բանակայիններ, ծայրահեղ ազգայնամոլական խմբերի անդամներ և առաջատար լրագրողներ, ովքեր կառավարության իշխանազրկման նպատակ էին հետապնդում:

Էնգինը նշել է, որ մեղադրանքի հիմքում ընկած են այնպիսի հանցանքներ, ինչպիսին են` զինված ահաբեկչական խմբի ստեղծումը և զանգվածային անկարգությունների և զինված ապստամբություն իրականացնելու միջոցով ուժի գործադրմամբ իշխանափոխությունը: Գործի մանրամասներում նաև նշվում է, որ նախքան ռազմական հեղաշրջումը նախատեսված է եղել երկրի ապակայունացումը ռումբերի պայթեցման միջոցով:

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը իսլամամետ արմատներ ունի, ոմանց կարծիքով վտանգ է սպառնում աշխարհիկ պետության համար: Թուրքիայի բանակը, որը ստանձնել է երկրի աշխարհիկ վարչակարգի պահպանման առաքելությունը, 1960թ. ի վեր երեք անգամ զավթել է իշխանությունը:

Վերլուծաբանների կարծիքով, Էրգենեկոնի գործի ակունքները կարելի է փնտրել Սառը պատերազմի համատեքստում, երբ տարբեր եվրոպական երկրներում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հետ կապեր ունեցող գաղտնի կազմակերպություններ էին ձևավորվել` Խորհրդային Միության կողմից հնարավոր հարձակման դեմ պայքարելու նպատակով:

Տարաֆ լրագրի խբմագրի տեղակալ Յասմին Կոնգարի կարծիքով, Էրգենեկոնը հզոր հակաժողովրդավարական ուժ է դաձրել Թուրքիայի քաղաքական կյանքում: Նրա կարծիքով դատավարությունը կարևոր դեր կխաղա Թուրքիայի ժողովրդվարության ապագայի համար: Նա ասում է, որ թերևս սա ամենակարևոր դատավարությունն է երկրի պատմության մեջ, քանի որ այն առնչվում է երկրի ներքաղաքական լարվածությանը, երկրի ներսում գործող գաղտնի հաստատություններին և կազմակերպություններին, որոնք բազմաթիվ հանցանքներ են գործել երկրի ներսում: Նրա կարծիքով, եթե դատախազներին հաջողվի հաղթել դատավարությունը, Թուրքիան ի հայտ կգա որպես առավել ժողովրդավարական, թափանցիկ և անվտանգ երկիր:

Էրգենեկոնի հետաքննությունը նաև թույլ է տալիս հետևություններ անել, որ խմբի անդամները հնարավոր է ներգրավված լինեն հայկական ծագումով թուրք առաջատար լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում: Նրա սպանությունը մեծ հարված էր ողջ պետության համար: Նրա հուղարկավորման արարողությանը ներկա էին հազարավոր մարդիկ:

Դատախազները նաև ենթադրում են, որ Էրգենեկոնի անդամներն են եղել Թուրքիայի ազատական մտածողների` այդ թվում Նոբելյան մրցանակակիր Օրհան Պամուկի հնարավոր սպանությունների պլանավորողները:

Մինչդեռ գործի քննադատաների կարծիքով, այն օգտագործվում է կառավարության ընդդիմադիրներին լռեցնելու նկատառումներով:

Չնայած ի պաշտպանություն աշխարհիկ վարչակարգի անցյալ տարի տեղի ունեցած զանգվածային հանրահավաքներին` երկրի նախագահ ընտրվեց Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Աբդուլլահ Գյուլը: Էրգենեկոնի գործով որոշ մեղադրալներ եղել են նաև այդ բողոքի ակցիեների կազմակերպիչներից:

Կառավարությանը քննադատող լրագրող Մայն Կիրիկանատն ասում է, որ ձերբակալվել են և առանց մեղադրանքի առաջադրման կալանքի տակ են պահվել անմեղ մարդիկ, ովքեր պարզապես դեմ են ներկա իշխանություններին:

Անցյալ տարի ընդունված հակաահաբեկչության մասին օրենքի շրջանակներում բազմաթիվ մարդիկ ձերբակալվել և կալանքի տակ են պահվել առանց դատավարության:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայից նախկին դատավոր Ռիզա Թյումենի կարծիքով, հետաքննության ընթացքում կիրառվող մեթոդները հնարավոր է հանգեցնեն նրան, որ Եվրոպական դատարանը չընդունի գործի հանգամանքները: Սակայն Ստամբուլի Բիլգի համալսարանից քաղաքագետ Սոլի Օզելին կարծում է, որ անկախ գործի արդյունքից այն փաստը ռազմական պաշտոնյաներ և պետությունը պատասխանատվության են կանչվել, խորհրդանշում է, որ Թուրքիան թևակոխել է նոր դարաշրջան:

XS
SM
MD
LG