Շաբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը /ԱՀԿ/ հայտարարեց, որ H1N1 խոզի գրիպի վիրուսն արդեն տարածում է գտել շուրջ 29 երկրներում: Կոստա Ռիկայում արձանագրվել է խոզի գրիպի պատճառով առաջին մահվան դեպքը, իսկ Մեքսիկայում ևս երեք մահվան դեպք է արձանագրվել:
ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում խոզի գրիպի հաստատված դեպքերի թիվը հասել է 3,440-ի: Վիրուսի բացահայտման վերջին դեպքերն արձանագրվել են Արգենտինայում, Պանամայում, Ավստրալիայում և Ճապոնիայում:
Կոստա Ռիկան առաջին Կենտրոնական Ամերիկայի պետություններից է, որտեղ խոզի գրիպից մահվան դեպք է եղել:
Մեքսիկայում արձանագրված մահվան դեպքերը հասել են 48-ի, մինչդեռ հաստատված դեպքերի թիվը բարձրացել է ևս 259-ով` այդպիսով հասնելով 1,578-ի:
Մեքսիկայի առողջապահության նախարարության խոսնակ Կարլոս Օլմոսի խոսքերով` մահվան վերջին դեպքերը կապված են նախկինոն ախտորոշված դեպքերի հետ և տեղի են ունեցել նախքան մայիսի 6-ը:
Կանադայում մեկ և Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկու մահվան դեպքեր են արձանագրվել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հաջողվել է վերծանել վիրուսի գենետիկական ինֆորմացիան, ինչը կնպաստի վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելուն: