Մատչելի հղումներ

Ցողունային բջիջների փոխպատվաստումը կմեծացնի լեյկեմիայով տառապող հիվանդների փրկման հավանականությունը


Ըստ գիտնականների` ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով էապես կմեծանա լեյկեմիայով տառապող հիվանդների փրկման հավանականությունը:

Երկու շաբաթ Ռենդալ Բըրնհեմը կարծում էր, որ գրիպ է հիվանդացել: Սակայն պարզվեց, որ նա լեյկեմիայով է տառապում:

“Ախտորոշման ժամանակ այնքան վատ էի զգում, որ նույնիսկ չէի հասկանում` ինչ է կատարվում: Հետո ասացին, որ ինձ մի քանի օրվա կյանք է մնացել”, հիշում է նա:

Բըրնհեմը սուր միելոցիտային լեյկոզ ունի, որն արյան և ոսկրածուծի քաղցկեղի տեսակ է, որն այնքան արագ է տարածվում, որ, բուժում չստանալու դեպքում, հիվանդին մի քանի ամսվա կյանք է մնում: Սակայն քիմիաբուժության միջոցով հնարավոր է ռեմիսիա առաջացնել: Այլ կերպ ասած` հնարավոր է վերականգնել ոսկրածուծի և արյան սովորական վիճակը:

Ջոն Քորեթն ասում է, որ քիմիաբուժությունը չի ոչնչացնում քաղցկեղի բոլոր բջիջները, և որոշ դեպքերում քաղցկեղը կարող է վերականգվել: Նա ասում է, որ քրոմոսոմային պարզ ստուգումով կարելի է որոշել սուր միելոցիտային լեյկոզի վերականգնման հավանականությունը:

Փոքր հավանականության դեպքում` միայն քիմիաբուժությունը կարող է բավարար լինել: Հակառակ դեպքում` քիմիաբուժությանը զուգահեռ դոնոր ցողունային բջիջների պատվաստում է անհրաժեշտ:

Սակայն հիվանդության վերականգնման 50 տոկոս հավանականության դեպքում անհրաժեշտ բուժման շուրջ համաձայնություն դեռևս չկա:

Բժիշկ Քորեթը մի շարք գիտնականների հետ, տասնյակից ավելի հետազոտությունների տվյալներ վերլուծելով, նկատել է, որ համատեղելի դոնորի առողջ ցողունային բջիջները բարձրացնում են միջին ռիսկի խմբի հիվանդների փրկման հավանականությունը:

“Ուսումնասիրեցին քույրերիս և եղբորս բջիջները, և պարզվեց, որ քույրերիցս մեկը լիովին համատեղելի դոնոր կարող է լինել: Այդպիսով` նրանք օգտագործեցին քրոջս ցողունային բջիջները”, նշում է Բըրնհեմը:

Պատվաստումից հետո նա երկու տարի է, ինչ գտնվում է ռեմիսիայի փուլում: Բժիշկ Քորեթի խոսքերով` այս հետազոտությունը կարող է լույս սփռել միջին ռիսկի հիվանդների բուժման համար:

Պատվաստման գործընթացը որոշ ռիսկեր է ենթադրում. կարող է լինեն կողմնակի ազդեցություններ: Սակայն բժիշկ Քորեթը հավաստիացնում է, որ բուժման առավելություններն գերազանցում են ռիսկերը:

Այս հետազոտության տվյալները հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում:

XS
SM
MD
LG