Մատչելի հղումներ

Ցուցարարները պահանջում են ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի սևծովյան նավահանգստից


Հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել Վրաստանի Փոթի նավահանգստում, ովքեր պահանջում էին ռուսական զորքերի դուրսբերումն այդ նավահանգստային քաղաքից:

Բողոքելով ռուսական զորքերի վերահսկման կետերի և զորքի փոխադրման միջոցների դեմ` նրանք վանկարկում էին. "ռուսնե'ր, գնացեք տուն": Որևէ անմիջական բախում չի արձանագրվել:

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ կատարել է Ֆրանսիայի կողմից միջնորդավորված Վրաստանի հետ հաշտության պայմանագրի պահանջները: Ռուսաստանը պնդում է, որ իրավունք ունի զորք ունենալ այսպես կոչված "անվտանգության գոտում": Սակայն բացի Փոթիից, ռուսական զորքերը դեռևս շարունակում են պարեկել "անվտանգության գոտու" սահմաններից դուրս գտնվող որոշ այլ առանցքային տարածքներում ևս: Դրանց թվում են Սենակի ավիացիոն բազան և Թբիլիսն Սև Ծովի ափին միացնող մայրուղու որոշ հատվածներ:

Ռուս գեներալ Անատոլի Նոգովիցինը շաբաթ օրը հայտարարել է, որ ռուսական զորքերի ներկայությունը Վրաստանի տարածքի խորքում չի խախտում Մոսկվայի և Թբիլիսիի ստորագրած զինադադարի պայմանագիրը: Նա նշել է, որ Վրաստանի հատուկ նշանակության ծառայությունները Հարավային Օսիայում հետագա ռազմական գործողություններ են նախապատրաստում, իսկ ռուսական զորքերը զբաղեցրել են այնպիսի դիրքեր, որ խաղաղություն երաշխավորեն:

Նոգովիցինը նաև բացասաբար է արտահայտվել Սև Ծովում ՆԱՏՕ-ի նավերի քանակի ավելացման շուրջ: Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է ավելացնել իր ուժերը Վրաստանում, եթե ԱՄՆ-ը սկսի Վրաստանին աջակցել ռազմական ուժերը վերականգնելու հարցում:

ՆԱՏՕ-ն պնդում է, որ Սև Ծովում նավերի տեղադրում է նախատեսված է եղել վրացական հակամարտության բռնկումից շատ ավելի վաղ, և որ այդ նավերը սահմանված վարժություններ պետք է կատարեն:

ԱՄՆ-ի ռազմական ուժերը հումանիտար օգնություն են բերում Վրաստան: Ուրբաթ օրը Սև Ծով է մտել նաև լեհական մի ֆրեգատ:

Շաբաթ օրը Վրաստանի խորհրդարանը միաձայն որոշել է ևս 15 օրով երկարացնել ռազմական իրավիճակը և նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ռազմական իրավիճակով նախատեսված արտակարգ իրավասությունները:

XS
SM
MD
LG