Երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հանդիպումը:
Նոր վարչակազմի օրոք ԱՄՆ ժամանած առաջին եվրոպական ղեկավարը և նախագահ Օբաման անդրադարձել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև «հատուկ հարաբերություններին», ինչպես նաև, ֆինանսական համակարգերի կարգավորման նպատակով, այլ պետությունների հետ համագործակցությանը:
Խոսելով երկու պետությունների միջև «հատուկ հարաբերությունների» կարևորության մասին` նախագահ Օբաման նշել է. «Մեծ Բրիտանիան մեր ամենամոտ և ամենահզոր դաշնակիցներից է: Եվ մեր երկու պետությունների միջև եղած կապը հնարավոր չէ խզել: Կարծում եմ` դա վերաբերում է ոչ միայն տնտեսական կապերին, այլև` ընդհանուր անվտանգության խնդիրների լուծմանը»:
Նախագահ Օբաման նշել է, որ վարչապետ Գորդոն Բրաունի հետ քննարկել են տնտեսական ճգնաժամի լիովին հաղթահարման նպատակով համագործակցության եզրերը, ինչպես նաև անվտագության խնդիրներ, ինչպես օրինակ` Աֆղանստանի պատերազմը: Նախագահը տեղեկացրել է, որ երկու պետությունները միանգամայն համամիտ են այն հարցում, որ պետք է կանխել Աֆղանստանի և Պակիստանի` ահաբեկիչների համար ապաստարան դառնալը:
Երկու ղեկավարները նաև անդրադարձել են ապրիլ ամսին Լոնդոնում կայանալիք Ամենազարգացած 20 երկրների գագաթաժողովին: Նրանք քննարկել են, թե ինչպիսի քայլեր ձեռնարկեն, որպեսզի բոլոր խոշոր պետությունները խթանեն իրենց տնտեսությունները, չստեղծելով առևտրի խոչընդոտներ, և ֆինանսական համակարգերի հսկողության ավելի լավ մեխանիզմներ ներդնեն:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք համընդհանուր սկզբունքներ որդեգրել, օրինակ, բանկային համակարգերի կարգավորման հարցում, որպեսզի զարգացող երկրների` ինչպես օրինակ Հունգարիայի կամ Ուկրաինայի շուկաների խնդիրներն աղետալի ազդեցություն չունենան մեր բանկային համակարգերի վրա», ասել է նախագահ Օբաման:
Վարչապետ Բրաունը նշել է, որ բոլոր պետությունները պետք է համախմբվեն` բանկային համակարգերը մաքրելու և միջազգային հաստատությունները բարեփոխելու նկատառումով:
«Կարծում եմ, միասին գործելու դեպքում, մեզ կհաջողվի մեծ ներդրում ունենալ ոչ միայն մեր տնտեսություններում, այլև` ի նպաստ համաշխարհային տնտեսությանը` աջակցելով բոլոր երկրներին», ասել է նա:
Վարչապետ Բրաունը «համաշխարհային նոր համաձայնության» կոչ է արել, որը կօգնի վերակենդանացնել համաշխարհային տնտեսությունը: Այսպիսով` նա հղում է կատարել ԱՄՆ-ի նախագահ Ֆրենքլին Դիլանո Ռուզվելտի վարած տնտեսական քաղաքականությանը, որի շնորհիվ ԱՄՆ-ը հաղթահարեց Մեծ անկումը:
Գորդոն Բրաունն առաջին եվրոպական ղեկավարն է, ով հանդիպել է նախագահ Օբամայի հետ հունվար ամսին վերջինիս պաշտոնավարության մեկնարկից հետո: Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև: