Մատչելի հղումներ

Տեխնոլոգիական առաջընթացը նոր մարտահրավեր է նետում երաժշտության արդյունաբերությանը


Շուկայի ուսումնասիրության արդյունքում Նիլսըն Սաունդսքեն ֆիրման պարզել է, որ 2008թ. երաժշտության գնումներն աճել են ընդհանուր առմամբ տաս տոկոսով: Այդ գնումների 70 տոկոսը կատարվել է էլեկտրոնային ներբեռնումների միջոցով` շուրջ 1.5 միլիարդ ծավալով: Ակնհայտ է, որ ներբեռնումների արդյուքում կրճատվում է ձայնագրությունների և սկավառակների վաճառքը:

Ըստ լրատվամիջոցների փորձագետ Դեվիդ Լայբովիցի` էլեկտրոնային տեխնոլոգիաների շնորհիվ սպառողն այժմ կարող է ձեռք բերել առանձին երգ` առանց գնելու ամբողջ ալբոմը: Սա նվազեցնում է ձայնագրման ոլորտի և երաժշտի եկամուտները:

«Եկամտաբերության առումով` առանձին երգի շուկան երբեք այնքան եկամտաբեր լինել չի կարող, որքան ժամանակին ալբոմների շուկան էր: Իրավիճակը փոխվել է, ինչն իր ազդեցությունը կունենա երաժշտության ոլորտի եկամուտների մոդելի վրա»,- կարծում է Լայբովիցը:

Եկամուտների վրա ազդում են նաև երգերի փոխանցման ցանցերը: Ամազոնը, ԱյԹյունզը և Պանդորան, օրինակ, երաժիշտների համար լուրջ մրցակիցներ են: Ըստ հաշվարկների` երաժշտական ներբեռնումների հիմնական մասը սակայն օրինական չէ, ինչը կորուստ է երաժշտի համար:

Այժմ երաժիշտների խնդիրը պատրաստ արտադրանք ունենալուն պես իրենց մասին տեղեկացնելն է:

«Իմ գլխում մեղեդի է առաջանում, ես այն բեռնում եմ իմ համակարգիչ, և հանկարծ դա տարածվում է ամբողջ աշխարհով: Այսօր հնարամիտ երաժիշտները կարողանում են իրենց ներկայացնել ինտերնետային կայքերի միջոցով»,-ասում է երաժիշտ Մայքլ Բոուին:

Թաուեր Ռեքըրդսը և Վիրջին Մեգասթորը ձայնագրություններ վաճառող այն խանութներից են, որոնք այժմ փակվել են ԱՄՆ-ում: Սակայն ՍիԴի Սելըր հայտնի խանութը դեռ դիմակայում է փոքրացող շուկային:

«Մենք փորձում ենք հարմարվել փոփոխություններին: Ի տարբերություն այլ խանութների` վաճառում ենք հիմնականում օգտագործված արտադրանք: Կատարում ենք նաև էլեկտրոնային վաճառք և նորից սկսել ենք վաճառել ձայներիզներ: Մեր վաճառքի 25 տոկոսը ձայներիզներից է»,- պատմում է խանութի սեփականատերը:

Ըստ սպառողների` ձայնագրությունների խանութի հմայքն այն է, որ այնտեղ կարող ես փնտրել մի երգ և գտնել բոլորովին այլ երգ, որ չէիր փնտրում և ցավալի է, որ դրանք կարող են վերանալ:

Համաշխարհային տնտեսության անկումը հարվածել է նաև այս ոլորտին: Սակայն ակնհայտ է, որ երաժշտական աշխարհը արագորեն վերածվում է թվայինի:

XS
SM
MD
LG