Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ անդրադառնալ Իրանի միջուկային ծրագրին


Ուրբաթ օրը ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ ասել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է անհապաղ անդրադառնան Իրանի միջուկային գործունեությանը: Այս հայտարարությունը հետևել է Իրանում ուրանի հարստացման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության նոր զեյկույցին:

ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը մոտ կանգնած դիվանագետների խոսքերով, մինչ այժմ Իրանը ուրանի հարստացման ծավալները մեկ երրորդով պակաս է ցույց տվել: Այդ մասին նշվել է հինգշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդին ներկայացված զեկույցում:

Սպիտակ տան խոսնակ Ռոբերթ Գիբսն այս կապակցությամբ նշել է, որ զեկույցը ցույց է տալիս, որ “Իրանի հերթական հնարավորությունն է բաց թողել”` վստահեցնելու միջազգային հանրությանը, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսը նշել է, որ զեկույցից բացահայտ երևում է, որ Իրանը շարունակում է իրականացնել իր միջուկային ծրագիրը, և որ Վաշինգտոնը “առավել մեծ ճնշումներ” կգործադրի և, հնարավոր է, “անմիջական կապեր հաստատի”` Իրանին համոզելու հրաժարվել բռնած ուղուց:

Զեկույցի համաձայն` Իրանում նոյեմբերի ամսվա դրությամբ շուրջ 839 կգ ցածր հարստացման ուրան գոյություն ուներ, մինչդեռ նախորդ զեկույցի համաձայն` նույն ժամանակահատվածի դրությամբ Իրանն ընդամենը 630 կգ հարստացված ուրանի հաշվարկ էր ներկայացրել:

Դիվանագետները փորձում են մեծ նշանակություն չտալ այդ անհամապատասխանությանը: Նրանք բացահայտված անհամապատասխանությունը բացատրում են Իրանի կողմից սեփական արտադրության ներկայացված հաշվարկի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անցկացրած տարեկան փաստացի հաշվարկի միջև բացահայտված տարբերությամբ:

Միջազգային հանրությունը կարծում է, որ Իրանը ներկա դրությամբ շուրջ 1,010 կգ ցածր հարստացման միջուկային վառելիք ունի: Միջուկային էներգիայի փորձագետների տվյալներով` այդ քանակը, հետագա մաքրման դեպքում, բավարար կլինի միջուկային զենք ստեղծելու համար, եթե Իրանը համապատասխան տեխնիկական կարողություններ ունենա:

Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում և ուղղված է միջուկային էներգիայի արտադրմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպան հավատացած են, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու գաղտնի փորձ է կատարում:

XS
SM
MD
LG