Մատչելի հղումներ

Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ


Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն` ամերիկացիների մեծ մասի կարծիքով ներկա ֆինանսական ճգնաժամն անհապաղ ուշադրություն պահանջող լուրջ խնդիր է: Միևնույն ժամանակ նրանց մեծ մասին չի գոհացնում Կոնգրեսի` ներկա ճգնաժամի լուծմանն ուղղված օրենքի նախագիծը: Մինչդեռ օրենսդիրները գտնվում են կարճատև արձակուրդում հրեական տոների առթիվ, տարբեր տարիքային խմբեր ներկայացնող ամերիկացիներն իրենց կարծիքն են արտահայտում ներկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետական կուսակցությունը ներկայացնող օրենսդիրներից մեկի կարծիքով խոսնակ Նենսի Փելոսիի ելույթը միջկուսակցական համագործակցության հիրավի կոչ էր: Սակայն մեկ այլ օրենսդիր Դեմոկրատական կուսակցությունից ասել է, որ “քանի որ ոմանք վիրավորված են զգում, նրանք որոշել են պատժել ամբողջ երկիրը”:

Անմիջապես սկսեցին միմյանց մեղադրել այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն չտվեց 700 միլիարդ դոլար արժողությամբ ֆինանսական ճգնաժամի լուծմանն ուղղված օրենքի նախագծին: Որոշ մասնագետներ պնդում են, որ օրենսդիրները հրաժարվել են քվեարկել օրինագծի օգտին` հաշվի առնելով իրենց համապատասխան նահանգների ընտրազանգվածների կողմից ճնշումները: Իսկ ինչպես են գնահատում ներկա ֆինանսական ճգնաժամը շարքային ամերիկացիները:

Ութսունութամյա Արչի Սիմփսոնը և նրա կինը` Ռոբերտան, թոշակառուներ են և ապրում են ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի արվարձաններից մեկում: Նա ասում է, որ ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագիրն անհրաժեշտ քայլ է, թեփետ այն նրան չի գոհացնում: Ահա այսպես է Արչի Սիմփսոնն արտահայտվել այդ կապացությամբ. "Այն ինձ չի զայրացնում: Այն ինձ գարշանք է պատճառում: Կարծում եմ`օրինագծի հեղինակները թերի աշխատանք են կատարել”:

Արչի Սիմփսոնը Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական օդաչու է եղել և շուրջ երեսուն տարի ծառայել է նավատորմում: Այնուհետև, նա աշխատել է որպես արժեթղթերի միջնորդ-վաճառող: Արչին և Ռոբերտան հստակ սահմանված կենսաթոշակ են ստանում ԱՄՆ-ի ռազմական ուժերից: Բացի այդ, նրանք ունեն արժեթղթերի փաթեթ, որի արժեքը շուրջ քառասուն տոկոսով նվազել է ներկա ճգնաժամի ընթացքում:

"Ագահությունն ինձ ամենաշատն է զայրացնում: Այս ամենն ագահությունից է: Այս ամենի պատճառն այն է, որ մարդիկ փորձում են չափազանց շատ գումար ստանալ` առանց իրենց աշխատանքը կատարելու, առանց պատշաճ կերպով վերահսկելու: Կամ էլ իրենց վերադասները չեն կատարում իրենց աշխատանքը”, կարծում է Արչի Սիմփսոնը:

Նրա կինը` Ռոբերտան, համաձայն չէ ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագրի գաղափարին: Նա մեծացել է 1930-ականների Մեծ ճգնաժամի տարիներին: Ծնողները նրան սովորեցրել են ջանասիրաբար աշխատել և հոգ տանել սեփական կարիքների համար: Այդ արժեքները շատ բարենպաստ ազդեցություն են ունեցել նրա ողջ կյանքի ընթացքում: "Կարծում եմ` նրանք հիպոթեքային վարկեր էին հատկացնում մարդկանց առանց նախնական գումարի` միայն տոկոսադրույքի ակնկալիքով: Պարզապես հավատս չի գալիս, որ այժմ` այս դարում, նման երևույթ է տեղի ունենալ: Իսկապես անիրական երևույթ է”, ասել է Ռոբերտա Սիմփսոնը:

Նա ասում է, որ սեփական միջոցներով ապրող հարկատուներին անհրաժեշտ է պաշտպանել: Նա կարծում է, որ ճգնաժամի լուծմանն ուղղված քայլերը կնպաստեն առաջին հերթին ճգնաժամի համար պատասխանատու անձանց. "Մենք չպետք է մեծ գումարներ վճարենք: Մեր հարկերը չպետք է բարձրացվեն վճարելու այն մարդկանց սխալների համար, ովքեր տներ են գնել` գիտակցելով, որ չեն կարող դրանց համար վճարել: Դա ինձ հիրավի զայրացնում է”:

Երեսունմեկամյա Լի Միթչեմն այլ կարծիքի է: Վաշինգտոնում Ջոն Հոփքինս համալսարանի բիզնեսի ֆակուլտետի այս ուսանողուհին ճգնաժամից բխող հնարավորություններ է տեսնում. "Ես լավատեսորեն եմ տրամադրված: Կարծում եմ` ճգնաժամից մենք դրական արդյունքներ կքաղենք”:

Մինչև բարձրագույն կրթությունը շարունակելը Լին շուրջ վեց տարի աշխատել է ֆինանսական ծառայությունների սեկտորում: Դեռևս անչափահաս տարիքից նա սկսել է ներդրումներ անել արժեթղթերի տեսքով: Եվ այժմ նա մեծահամբավ ընկերությունների արժեթղթերի փաթեթ ունի: Նա ասում է, որ կառավարությունը կարող է շահույթ ստանալ` գնելով ձախողված բանկերի ակտիվները, որոնց արժեքը շուկայի վերականգման հետ մեկտեղ կսկսի աճել:

"Եթե կառավությունը հանդես գա որպես երաշխիք այդ ընկերությունների համար, ինչը կառավարությանն իրավունք է տալիս, սակայն չի պարտավորեցնում, որոշակի ժամկետում գնելու ընկերության ակտիվները, ապա կառավարությունը կարող է ահռելի գումարներ վաստակել: Շուկայի վերականգման դեպքում` այդ ձեռքբերումների հաշվին կարող է մեծապես նվազել պետական պարտքը”, նշել է Լի Միթչեմը:

Նա կարծում է, որ պետական պարտքի ավելացման դեպքում ինֆլյացիան կարող է աճել: Սակայն, խոսելով պարտքեր ունեցող ուսանողի տեսանկյունից, նա ասում է, որ նման զարգացումն իր համար բարենպաստ կլինի. “Լինելով ուսանող` ես հաստատուն եկամուտ ունեմ: Եթե ինֆլյացիան աճի, ուսանողական փոխառությունների արժեքը կնվազի, ինչն ինձ համար նպաստավոր է”:

Ակնկլավում է, որ օրենսդիրները տարբեր կարծիքներ կլսեն իրենց ընտրազանգվածներից այս կարճատև արձակուրդի ընթացքում, երբ նրանք վերընտրման են նախապատրաստվում: Ներկայացուցիչների պալատում օրինագծին առնչվող բանակցությունները կվերսկսվեն հինգշաբթի օրը:

XS
SM
MD
LG