Մատչելի հղումներ

Թիմըթի Գայթների գնահատմամբ` ԱՄՆ-ի բանկերի ճնշող մեծամասնությունը բավարար կապիտալ ունեն


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմըթի Գայթները հայտարարել է, որ ԱՄՆ-ի բանկերի ճնշող մեծամասնությունը բավականաչափ կապիտալ ունեն: Նա նաև նշել է, որ ֆինանսական աջակցության դաշնային ծրագրի շրջանակներում մնացած 135 միլիարդ դոլարը բավարար է դեռևս դժվարությունների առջև կանգնած բանկերին օգնելու համար: Նրա գնահատմամբ` ֆինանսական համակարգը կրկին սկսել է վստահություն ներշնչել:

Գայթների խոսքերով` հատկանշական է, որ այս ծրագրերի ազդեցությունը գնահատելը դժվար է, քանի որ անհնարին է հստակ ասել, թե ինչպիսին կլիներ ֆինանսական շուկաների, բանկերի իրավիճակը, եթե չլինեին այդ ծրագրերը:

Խոսելով Կոնգերի վերահսկողության խմբերից մեկի անդամների հետ` Թիմըթի Գայթները ասել է, որ որոշակի դրական զարգացումներ են նկատվում միջբանկային փոխառությունների բնագավառում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ էական անկում է նկատվել առևտրային, արդյունաբերական և սպառողական վարկերի շրջանում:

Մասնավորապես նա ասել է, որ վերահսկող մարմինները պետք է ուշադրություն դարձնեն ինչպես անհատական բանկերի մրցունակությանը, այնպես էլ` ողջ ֆինանսական համակարգի վարկեր տրամադրելու ունակությանը:

«Առաջին հարցն այն է, թե արյդո՞ք հաստատությունները բավարար կապիտալ ունեն վարկեր տրամադրելու համար, և երկրորդը` արդյո՞ք համակարգն ամբողջությամբ նպաստում է ամերիկացիների կյանքի բարելավմանը», նշել է նա:

Գայթները նաև հայտնել է, որ Ֆինանսների նախարարությունը մի նոր կանոնակարգ է մշակում, որը աշխատավարձի սահմանափակումներ կնախատեսի պետական աջակցության ծրագրերում ներգրավված ընկերությունների ղեկավարության համար:

Վերահսկող խմբի անդամները Թիմըթի Գայթներին հորդորել են, որպեսզի նախարարությունն առավել լավ մեթոդներ մշակի 700 միլիարդ դոլար արժողությամբ պետական աջակցության ծրագրի հաջողությունը գնահատելու համար:

Նյու Յորք նահանգի Բանկերի վերահսկման մարմնի ղեկավար Ռիչարդ Նիմընը հանդես է եկել հետևյալ հարցադրումներով. «Ինչու՞ մարդիկ չեն տեսնում Ֆինանսների նախարարության ծրագրի առաջընթացը: Գուցե դժվար է արդյունքներ տեսնել մեկ, երկու կամ երեք ամսվա ընթացքում: Մյուս կողմից, գուցե ծրագիրն այդքան էլ արդյունավետ չէ»:

Բացի այդ, պետական հատուկ տեսչության երեքշաբթի օրը թողարկած հաշվետվության համաձայն` բանկերի խթանման ծրագրի վերահսկումը թույլ է, և այն խոցելի է կեղծարարության տեսանկյունից: Հաշվետվությունում նաև նշված է, որ ամերիկացի հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ նպատակների են ծառայում իրենց հարկային վճարումները:

XS
SM
MD
LG