Մատչելի հղումներ

Աշխարհի 20 ամենազարգացած պետությունների ֆինանսների պատասխանատուները հանձն են առել ամեն ինչ անել համաշխարհային տնտեսությունը խթանելու համար


Աշխարհի 20 ամենազարգացած և զարգացող պետությունների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի նախագահները համաձայնել են “անել անհրաժեշտ ամեն ինչ” խթանելու համաշխարհային տնտեսությունը` խորացող ճգնաժամի պայմաններում: Այս խոստումը նրանք տվել են նախքան 20 ամենազարգացած պետությունների գագաթաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 2-ին Լոնդոնում:

Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի ղեկավար Ալիսեր Դարլինգը նշել է, որ մեկուկես օր տևած հանդիպման արդյունքում ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ համաշխարհային տնտեսական զարգացումը վերականգնելու համար շարունակական ջանքեր են անհրաժեշտ:

Ըստ Դարլինգի` առաջնահերթությունների թվում են` կանխիկ դրամի ապահովման շնորհիվ բանկերի վարկավորման գործընթացների վերականգնումը, ֆինանսական վերահսկողության առավել խիստ մեխանիզմների ստեղծումը և պրոտեկցիոնիզմի դեմ պայքարը:

Հանդիպման մասնակիցները նաև հանձն են առել ավելացնել Արժույթի միզազգային հիմնադրամի ֆինանսավորումը` օգնելու այն պետություններին, որոնց վրա տնտեսական անկումն ամենամեծ ազդեցությունը կունենա:

Արժույթի միզազգային հիմնադրամն արդեն իսկ միլիարդավոր դոլարների վարկեր է տրամադրել տնտեսական դժվարությունների առաջ կանգնած պետություններին: Հավաքվածները նաև կոչ են արել ավելացնել աջակցությունը Ասիական զարգացման բանկին:

ԱՄՆ-ի Գանձապետարանի քարտուղար Թիմոթի Գայթները նշել է, որ մասնակիցների կողմից ցուցաբերած պատրաստակամությունը կնպաստի համաշխարհային տնտեսության արագ վերականգնմանը: Նա նշել է, որ այժմ համաշխարհային մակարդակում կա համաձայնություն, որ անհրաժեշտ է եռանդուն քայլերով վերականգնել տնտեսական աճը: Բացի այդ, նա կարևորել է խորացող ճգնաժամին ընդդառաջ միասին գործելու պատրաստակամությունը:

Գայնթները նաև ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխումների հիմնական կաղապարի շուրջ: “Ռիսկը չի սահմանափակվում պետական սահմաններով: Մենք պետք է հիմնենք վերահսկման շատ ավելի ուժեղ մեխանիզմ և պետք է սահմանենք խաղի կանոններ, որոնք նույնը կլինեն ողջ միջազգային ֆինանսական համակարգի համար”, նշել է նա:

Գայթներն ասել է, որ շուտով ԱՄՆ-ը կհրապարակի իր շուկաների վերահսկման մեխանիզմների բարեփոխումների մանրամասները:

Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում հստակորեն ձեռք բերված կոնսենսուսն էր, մինչդեռ նրանք չեն անդրադարձել մասնակից պետությունների միջև առկա տարաձայնություններին:

Ընդհանուր տարաձայնությունը եղել է, թե արդյոք հետևել ԱՄՆ-ի օրինակին և խթանել սպառողական պահանջարկը` դժվարությունների առաջ կանգնած տնտեսություններում պետական ֆոնդեր ներդնելով, թե կենտրոնանալ բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների վրա առավել խիստ վերահսկման մեխանիզմների ներդրման վրա` ապագայում նման ճգնաժամից խուսափելու նկատառումով:

ԱՄՆ-ը մասնավորապես կողմ է խթանիչ պետական ֆոնդերի ներարկման և հարկային կրճատումների համադրմանը: Անգլիան նույնպես կողմ է պետական ծախսերի մեծացմանը, սակայն նաև համամիտ է եվրոպական գործընկերների այն մոտեցմանը, որ պետք է բարեփոխել ֆինանսական հաստատությունների վերահսկման մեխանիզմները: Բազմաթիվ զարգացող պետություններ ասում են, որ եթե նրանք պետք է առավել մեծ ներդրումներ անեն, ապա պետք է նաև առավել ազդեցիկ ձայն ունենան միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամում:

Այս հանդիպման նպատակն էր հիմք ստեղծել ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների գագաթաժողովի համար:

XS
SM
MD
LG