Լեգենդար ժողովրդական երգիչ և երգահան Փիթ Սիգերի 90-ամյակի առթիվ համերգ էր կազմակերպվել Նյու Յորքի Մեդիսըն Սքուեր Գարդընում: Տարբեր տարիքի բազմաթիվ երգիչներ բեմում կատարում էին Սիգերի` արդեն տասնամյակներ հայտնի դարձրած ժողովրդական երգերը:
“Եթե համոզված չլինեի, որ երաժշտությունը կփրկի մարդկությունը, ես երգեր չէի գրի”, ասում է Սիգերը:
Նա առաջին անգամ ճանաչում է ստացել 1940-ականներին` որպես Ուիվերս խմբի անդամ: Այնուհետև իր ստեղծագործական ուղին նա մենակ է շարունակել:
Սակայն Սիգերի խոսքերով` երաժիշտ դառնալու մտադրություն երբեք չի ունեցել: Դասական երաժիշտների զավակն արդեն հինգ տարեկանում մի քանի գործիք էր նվագում, սակայն պատանեկության տարիներին նա երազում էր կյանքն անտառում անցկացնել:
“Ես ամենայն լրջությամբ ասում էի, որ մենակյաց եմ դառնալու, քանի որ դա այս աշխարհում անզիվ ապրելու միակ տարբերակներ”, իր մասին պատմում է նա:
Սիգերն սկսել է երաժշտություն գրել` արտահայտելու իր քաղաքական դիրքորոշումը հատկապես սևամորթների իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության, խաղաղության և շրջակա միջավայրի պահպանության հարցերում:
“Ես երիտասարդ սերունդներին ցույց տվեցի, որ պարտադիր չէ երեսպաշտ լինել: Հնարավոր է գտնել մարդկանց, ովքեր կցանկանան երգել ձեզ հետ և լսել ձեր երգերը: Այժմ այդպիսի տասնյակ հազարավոր մարդիկ կան”, ասում է նա:
Այժմ Սիգերը հաճախ երգում է իր թոռան` երաժիշտ Թաո Ռոդրիգես-Սիգերի հետ: Նրանք միասին են երգել նաև անցյալ ամառ Նյու Յորքի Բիքըն քաղաքում տեղի ունեցած Եգիպտացորենի փառատոնի ժամանակ:
Համերգը, ի թիվս այլ միջոցառումների, կազմակերպվել էր` Հուդզոն գետով նավարկող շրջակա միջավայրի պաշտպանության մասին ուսուցանող լսարան-նավերին աջակցելու նպատակով: 1969թ. Սիգերն է նախաձեռնել աղտոտված գետերի շուրջ իրազեկության բարձրացման այս ծրագիրը:
“Եթե ուզում ենք, որ դարեր անց երկրագունդը պահպանվի, պետք է հարյուրավոր, միլիոնավոր մարդիկ օգտագործեն Աստծու շնորհած ուղեղները և ընդամենը չնչին կերպով փոփոխեն առօրեան` աղբը ճիշտ վայրում նետեն, փորձեն մեքենա չվարել”, ասում է նա:
Սիգերն ապրում է սարի գագաթին, որտեղ դեռևս 1949թ. կնոջ հետ միասին խրճիթ են կառուցել: Գրեթե ամեն օր նա փայտ է կոտրում:
Նրանք այնտեղ էին ապրում նաև 1955թ., երբ Սիգերին` որպես արմատական և նախկինում կոմունիստ, հարցաքննության կանչեցին իր քաղաքական համոզմունքների համար: Նա հրաժարվեց գնալ` պատճառաբանելով, որ դա խախտում է սահմանադրությամբ պաշպտանվող իր խոսքի ազատությունը:
Վեց տարի անց նա մեղավոր ճանաչվեց Կոնգրեսին անարգելու համար և մեկ տարի ազատազրկման դատապարտեց, սակայն այդ գործը հետագայում կարճվեց:
Այժմ Սիգերը վերջապես լավ է զգում իր երկրում: Նրա երգերից շատերը կարծես պետական օրհներգ դարձած լինեն: Այդպիսի երգերից է նրա մշակմամբ “Այս հողը քո հողն է” երգը, որը նա կատարել է նախագահ Օբամայի պաշտոնամուտին նվիրված համերգին:
Ինչպես և հաճախ, բազմահազարանոց ամբոխը ձայնակցում էր Սիգերին: