Մատչելի հղումներ

Ֆիլմի անդրադարձը որոշ երկրներում քարկոծման դաժան պրակտիկային


Շատերը կարծում են, որ քարկոծումը որպես պատիժ կիրառվել է հնագույն ժամանակներում, սակայն այն մինչ այժմ շարունակվում է կիրառվել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի որոշ երկրներում: “Սորայա Մ.-ի քարկոծումը” ֆիլմի հիմքում ընկած է Իրանից երիտասարդ մի կնոջ իրական պատմությունը: Ամուսնու կողմից դավաճանության մեջ կեղծ մեղարդրվելուց հետո նա քարկոծման է ենթարկվել համագյուղացիների կողմից, ինչի արդյունքում մահացել է:

Շոհրեհ Աղդաշլուն Օսկարի մրցանակի ներկայացված կինոաստղ է: Նա կարող էր բազմաթիվ այլ դերեր խաղալ, սակայն, ստանալով “Սորայա Մ.-ի քարկոծումը” ֆիլմում նկարահանվելու առաջարկը, նա միանգամից համաձայնել է:

“Ես իրական քարկոծում եմ տեսել տեսաերիզով և այդ պահից ի վեր, որպես կին և ֆեմինիստ, միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել այդ թեմայի շուրջ իրազեկությունը բարձրացնելու համար”, ասել է նա:

“Սորայա Մ.-ի քարկոծումը” ֆիլմը հիմնված է լայն տարածում գտած մի գրքի վրա, որը պատմում է երիտասարդ պարսկուհու կյանքի այն դրվագը, երբ ամուսնու կողմից դավաճանության կեղծ մեղադրանք ստանալուց հետո նա համագյուղացիների կողմից քարկոծման է ենթարկվում և արդյունքում մահանում է:

Աղդաշլուն խաղում է Զահրայի` Սորայայի մորաքրոջ և խորթ մոր դերը: Նա ջանք չի խնայում քարկոծումը կասեցնելու համար, սակայն, ոչնչի չհասնելով, վերջին քայլին է դիմում:

Ֆիլմի ռեժիսոր Սայրըս Նոուրասթեհը պատմում է, որ տեսնելով, որ ոչինչ չեն կարող անել` նա զարմուհուն խոսք է տալիս, որ ճշմարտությունն է պատմելու, որ ամբողջ աշխարհին պատմելու է, թե ինչ է կատարվել:

Նրան դա հաջողվում է անել, երբ մի անծանոթ մարդ է հայտնվում գյուղում:

“Պատահաբար մի լրագրող է հայտնվում գյուղում, և Զահրան, օգտվելով հնարավորությունից, լրագրողին հասկացնում է, որ կարևոր բան ունի նրան պատմելու գյուղում վերջերս պատահածի մասին”, պատմում է ֆիլմի ռեժիսորը:

Աղդաշլուն ֆիլմը երկու պատճառով է կարևորում: “Մենք պետք է աշխարհին տեղյակ պահենք, որ քարկոծումը մահմեդականության հետ կապ չունի, այն նախատեսված չէ Ղուրանով: Այս պատմությունը ոչ թե քարկոծված կնոջ մասին է, այլ` այն մասին, որ կինը հրաժարվում է լռելուց”, ասում է նա:

Ֆիլմը նաև քննադատության է արժանացել: Քննադատներից մեկը “Էմնըսթի Ինթըրնեշընըլ” կազմակերպությունից Էլիզ Օերբախն է: Նա դեմ է ֆիլմի այն գաղափարին, որ այս խնդիրը բացառապես արտաքին ազդեցությամբ է հնարավոր լուծել:

“Իրանցիները շարժում են սկսել Իրանում քարկոծման պրակտիկային վերջ դնելու համար: Նրանց քարոզարշավը, որի կազմակերպիչները կին իրավապաշտպաններ են, կրում է “Քարկոծման առհավետ վերացում” խորագիրը:

Չնայած քննադատությանը` Շոհրեհ Աղդաշլուն ասում է, որ ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել: “Իրանցի կանայք բարձրաձայն շնորհակալություն էին հայտնում այս ֆիլմը ստեղծելու համար: Ամերիկացիներն էլ ապշած մոտենում էին մեզ և ասում, որ իրենց մտքով էլ անգամ չի անցել, որ հնագույն ժամանակների այս պատիժը շարունակվում է 21-րդ դարում”, ասում է նա:

Կանանց և երբեմն էլ տղամարկանց քարկոծման պրակտիկան կիրառվում է նաև Աֆղանստանում, Պակիստանում, Նիգերիայում, Եթովպիայում, Սոմալիում և Արաբական Էմիրություններում:

2002թ. քարկոծումն արգելվել է Իրանում, սակայն Էլիզ Օերբախն ասում է, որ Իրանում դեռևս տեղի է ունենում երկու սեռերի քարկոծում, ինչը հաճախ գաղտնի է արվում:

“2002թ. ի վեր քարկոծման վեց դեպք ենք արձանագրել` չնայած Իրանի դատական համակարգի առաջնորդ Այատոլահ Շահրուդիի` քարկոծման արգելքի մասին հայտարարությանը”:

Սայրըս Նովրասթեհը հույս է հայտնում, որ ֆիլմը հանդիսատեսին բացի հուզելուց, նաև կիրազեկի: Շուտով կմեկնարկի “Սորայա Մ.-ի քարկոծումը” ֆիլմի միջազգային ցուցադրումը:

XS
SM
MD
LG