Առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողը, որն օգտագործվում է աշխարհի տարբեր մասերում, այնքան անվտանգ չէ, որքան շատերն են կարծում: Փորձագետներն զգուշացնում են, որ մեծ դեղաչափերի դեպքում ացետամինոֆենը կարող է լուրջ վնաս հասցնել լյարդին:
Մարգալիտ Ռաթները երկար ժամանակ Թայլենոլ անվանումը կրող ացետամինոֆեն է ընդունել սուր գլխացավերի դեմ: Նա ասում է, որ երբեք չի գերազանցել նախանշված դեղաչափը: Ի վերջո նա ստիպված էր լյարդի փոխպատվաստման քայլին դիմել:
“Պարզապես չէի կարող հասկանալ` ինչպես կարող էր գլխացավերս վերացնող այդ դեղը նման վնաս պատճառել ինձ”, ասում է նա:
Ացետամինոֆենը նաև հայտնի է պարացետամոլ անվանմամբ: Բժիշկ Ռոբըրթ Բրաունը բացատրում է, թե ինչու են շատերը նախընտրում այդ դեղամիջոցը:
“Այն մեծ տարածում է ստացել, քանի որ այլ ցավազրկողների համեմատությամբ արդյունավետ է, առավել դյուրամարս է, և, ճիշտ դեղաչափի դեպքում, կողմնակի ազդեցություններ չունի”, ասում է նա:
Սակայն հարց է ծագում` ո՞րն է ճիշտ դեղաչափը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակով այն լյարդի սուր խնդիրներ կարող է առաջացնել:
Այժմ մեծահասակներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր չորսից վեց ժամը մեկ երկու 500 միլիգրամանոց հաբ ընդունել: ակայն փորձագետներն այժմ ասում են, որ այդ դեղաչափը չափազանց մեծ է և խորհուրդ են տալիս, որ Պարենի և դեղամիջոցների վարչությունը 1,000 միլիգրամ ացետամինոֆեն պարունակող ապրանքների վաճառքը թույլատրվի բացառապես դեղատոմսով, և որ օրական թույլատրելի դեղաչափը չգերազացնի 4,000 միլիգրամը:
“Եթե նպատակ ունենք փրկել մարդկանց ոչ միտումնավոր գերդոզավորումից, սա ամենաճիշտ լուծումն է”, ասում է Քալիֆորնիայի համալսարանից պրոֆեսոր Նեյլ Ֆարբերը:
Սակայն խնդիրն այն է, որ առանց դեղատոմսի վաճառվող շուրջ 200 անուն դեղամիջոցներ, այդ թվում` քնաբերներ և հարբուխի դեմ հաբեր, ացետամինոֆեն են պարունակում: Բժիշկ Սանդրա Քվեդերը զգոնության կոչ է անում:
“Մարդիկ պետք է կարդան դեղերի պարունակությունը, հստակ իմանան դեղատոմսի կարիք ունեն, թե` ոչ, և որքան է տվյալ դեղի թույլատրելի դեղաչափը” ասում է նա:
Փորձագետները նաև խորհուրդ են տալիս արտադրությունից և շուկայից վերացնել Պերկոցետ և Վիկոդին դեղամիջոցները, որոնք ացետամինոֆենի և օպիատի խառնուրդ պարունակող ցավազրկողներ են:
Սակայն Ջորջթաունի հիվանդանոցի Քաղցկեղաբանության կենտրոնից բժիշկ Էնդրյու Փաթմանն ասում է, որ այդ դեղերի վերացման դեպքում հիվանդների ցավը թեթևացնելը շատ դժվար կլինի:
“Կարծում եմ շատ բժիշկներ հեշտությամբ Պերկոցետի դեղատոմս են տալիս, մինչդեռ Պերկոցետի պարունակած օքսիկոդոն թմրանյութի դեղատոմս տալը խնդիր է շատերի համար: Կարծում եմ` դեղերը պետք չէ վերացնել, սակայն պետք է բաձրացնել մեր իրազեկումը դրանց շուրջ”, ասում է նա:
Իրազեկել անհրաժեշտ է ինչպես հիվանդներին, այնպես էլ` բժիշկներին: Բժիշկ Էնդրյու Փաթմանն ասում է, ոչ հաճախ է մտածում, որ օքսիկոդոնը առանց ացետամինոֆենի կարող է նույն ազդեցությունն ունենալ առանց վերջինիս կողմնակի ազդեցությունների: “Սակայն շատերը Պերկոցետ են նախընտրում”, ասում է նա:
Հավանաբար, ամիսներ կպահանջվեն նախքան Պարենի և դեղամիջոցների վարչությունը որոշում կկայացնի այս առնչությամբ, մինչդեռ ացետամինոֆեն ընդունող ամերիկացիների թիվը շարունակում է շատ բարձր մնալ: