Արևմտյան Աֆրիկայում զինված պայքարի ավարտից ութ տարի անց Սիերա Լեոնի սպիտակ ավազները և կապուտակ ջրերը կրկին գրավում են զբոսաշրջիկներին: Մայրաքաղաք Ֆրիթաունից հարավ գտնվող ծովափի մաքրության և հանգստի կազմակերպման համար հոգ է տանում երիտասարդների համայնքը: Ըստ խմբի ղեկավար Դենիել Մաքաուլի` դա նպաստում է տեղի զբաղվածությանը: Հանգստավայրն ապահովում է գրեթե 40 գյուղացու զբաղվածություն:
"Փորձում եմ հնարավորինս հաճախ լինել այստեղ` ամիսը մեկ-երկու անգամ: Այս ուղղությամբ ծովափեր շատ կան, սակայն այս մեկն առանձնանում է իր տեսարանով և ավազով",-ասում է զբոսաշրջիկներից մեկը:
Սիերա Լեոնում տեսարժան վայրերը շատ են, սակայն խնդիրը զբոսաշրջիկներին գրավելն է:
Ապստամբները շուրջ մեկ տասնամյակ քայքայել են Սիերա Լեոնը` իշխանության համար իրենց պայքարում օգտագործելով երկրի ադամանդի պաշարներից ստացված եկամուտները: Սիերա Լեոնի դեմքն էին դարձել լրատվամիջոցներով տարածված ապստամբների կողմից անդամահատած անթև և անոտ քաղաքացիների պատկերները:
Պատերազմը խլել է գրեթե 50 հազար կյանք, իսկ երկրի պատկերը դեռ չի վերականգնվել: Երկրի զբոսաշրջության խորհուրդը ղեկավարող Սեսիլ Ուիլյամսի խոսքերով`
"Երկրի պատկերը դեռևս բացասական է, Սիերա Լեոնի մասին դեռ խոսում են որպես վայրի և անապահով երկրի: Դա չի համապատասխանում իրականությանը, և դրա պատճառով մեծապես տուժում է զբոսաշրջությունը":
Կառավարությունն աշխատում է զբոսաշրջիկներ գրավել` միջազգային ցուցահանդեսներում ներկայացնելով երկրի գրավիչ կողմերը:
Ըստ զբոսաշրջության խորհրդի տվյալների` անցած տարի Սիերա Լեոն է հաճախել գրեթե 5 հազար զբոսաշրջիկ, ինը տարի առաջ այդ թիվը գրեթե հազար էր:
"Ես փոքր-ինչ վախենում էի, իսկ հիմա այստեղ լինելուց հետո հասկացա, որ այն հանգիստ, կայուն և շատ ապահով վայր է":
Ներկայումս Սիերա Լեոնի ճամփորդական փաթեթներ են առաջարկում եվրոպական երկու գործակալություն: Երկրի առաջին ճամփորդական ուղեցույցը հրատարակվել է անցած տարի: