Մատչելի հղումներ

Արքայական բուսաբանական այգում խրախուսվում է կենսաբազմազնությունը


2010 թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է կենսաբազմազանության տարի: Լոնդոնի հարավ-արևմտյան մասում գտնվող Քյուի Արքայական բուսաբանական այգում, որն աշխարհում ամենահին և ճանաչվածներից է, խրախուսվում է գիտության առաջընթացը բժշկության, կլիմայի փոփոխությունների և այլ արդի խնդիրների ոլորտում:

250 տարվա պատմություն ունեցող Մեծ Բրիտանիայի ամենահայտնի Քյու այգում արդեն նշմարվում է գարունը. բնությունը և ծաղիկները արթնանում են և հրավիրում այցելուների: Այստեղ գեղեցիկ ծաղիկների և յուրահատուկ բույսերի պահպանությունից բացի փորձագետները փորձում են նոր բուժում գտնել մալարիայի դեմ:

Քյուի այգիների Ջոդրելի լաբորատորիան հայտնի է չորացած բույսերի հավաքածուով` հերբարիումով: Այստեղ բույսերի հարյուր-հազարավոր չորացած նմուշներ կան ամբողջ աշխարհից, որոնց մի մասը հավաքվել է Չարլզ Դարվինի և Դեվիդ Լիվինգսթոնի կողմից:

Մեկ այլ լաբորատորիայում հատուկ սառնարաններում պահվում են բույսերի ԴՆԹ-երը, որոնք չի կարելի չորացնել: Լաբորատորիայում գրեթե 38 հազար բույսերի ԴՆԹ կա: ԴՆԹ առանձնացնելը մեկ շաբաթ է տևում, այնուհետև այն մատչելի է դառնում աշխարհի բոլոր գիտնականների համար:

Լաբորատորիայի ղեկավար Մարկ Չեյզը ԴՆԹ օգտագործում է խոլորձի ուսումնասիրության համար:

"Բույսերը կլիմայի փոփոխության վատագույն ազդեցություններից պաշտպանվելու միջոց են: Արդյունավետության հասնելու համար հարկավոր է հասկանալ դրանց գենետիկան և հատկությունները",-բացատրում է նա:

Քյուի արևադարձային բաժնում աճում են աշխարհի ամենահազվագյուտ բույսերը: Այն այգու ամենամեծ ջերմոցն է և սովորաբար փակ է հանրության համար: Բույսերի շատ տեսակներ պահվում են իրենց բնական միջվայրից չտարբերվող վերահսկվող կլիմայական գոտիներում:

"Բույսերի միջավայրը վտանգված է: Բնակչության աճի հետ փոխվում է հողօգտագործումը, անհրաժեշտ է մարդկանց կերակրել, ապահովել վառելիքով: Այս ամբողջի արդյունքը միջավայրի և կենսաբազմազանության կորուստն է",- ասում է բույսերի կայուն բօգտագործման խմբի աշխատակից Մոնիկ Սիմոնդսը:

Քյուի այգիների առաքելություններից է վտանգված բույսերի փրկությունը, որը գլխավորում է բուսաբան Կարլոս Մագդալենան: Նա փրկել է Մավրիտանիայի կապույտ զանգակ կոչվող բույսը:

Ուսանող էր, երբ կարողացավ գտնել վայրի սուրճի բույսը ձեռքով փոշոտելու եղանակը: Այժմ Մագդալենան իր գործընկերների հետ փորձում է պայմաններ ստեղծել նմանատիպ տասնյակ բույսերի պահպանման համար: Չնայած հաջողություններին` Մագդալենան կարծում է, որ իր աշխատանքը հաստատուն պայքար է ժամանակի դեմ:

"Մենք հսկայական խնդիր ունենք, և չնայած ջանքերին, հնարավոր է կորցնենք կենսաբազմազանությունը: Շատ կարևոր է հիմա պայքարել դրա դեմ, այլապես հետագայում կորուստը շատ ավելի մեծ կլինի", ասում է Կարլոսը:

Այս տարի ՄԱԿ-ը հայտարարել է կենսաբազմազանության տարի: Քյուի այգիներում հանրությանն իրազեկում են աշխարհում բույսերի կարևորության և դրանց սպառնացող վտանգների մասին:

XS
SM
MD
LG