Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը գովաբանել է Թուրքիայի հետ բանակցությունների առաջընթացը


Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հանդիպմանն ասել է, որ ժամանակն է հանգուցալուծել հայ-թուրքական խնդիրները:

Սերժ Սարգսյանը գովաբանել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ վերջերս ունեցած հանդիպման արդյունքը և ասել է, որ Թուրքիայի նախագահը կիսում է իր պատրաստակամությունը արագ և վճռական կերպով այդ ուղղությամբ շարժվել:

Խոսելով տարածաշրջանի մեկ այլ հակամարտության մասին` Սերժ Սարգսյանը քննադատել է Ադրբեջանի “ռազմատենչ” դիրքորոշումը ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Այդուհանդերձ, նա հանձն է առել շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները մեծամասամբ հայաբնակ տարածքի անկախության ճանաչման շուրջ:

Հայաստանի նախագահը նաև դատապարտել է Հարավային Կովկասի իրադարձությունները, որոնք մարդկային զոհերի պատճառ դարձան և վտանգեցին ողջ տարածաշրջանի կայունությունը: Նա ասել է, որ Գլխավոր ասամբլեան պետք է ջանա ժամանակակից դարձնել կազմակերպության հաստատությունները և կանխել Սառի պատերազմի ժամանակաշրջանի վերադարձը:

Լեռնային Ղարաբաղում բնակվող ծագումով հայ բնակչությունն Ադրբեջանից իր անկախությունը հռչակել է 1988 թ., ինչը հանգեցրեց շուրջ վեց տարի ձգվող պատերազմի Ադրբեջանի և Հայաստանի միջև: Չնայած որ 1994 թ. զինադադարի պայմանագիր կնքվեց, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ հրաձգություններ են շարունակվում: Հակամարտության արդյունքում շուրջ երեսունհինգ հազար մարդ է զոհվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ և կոչ է արել Ռուսաստանին շարունակել “իր ակտիվ դերը” Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցում:

XS
SM
MD
LG