Մատչելի հղումներ

Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանն այժմ շուրջ 6,000 ցենտրիֆուգա ունի


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանում այժմ գործում են ուրանի հարստացման համար օգտագործվող շուրջ 6,000 ցենտրիֆուգաներ:

Իրանական լրատվամիջոցները շաբաթ օրը հաղորդել են, որ նախագահն այդ մասին խոսել է Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում պրոֆեսորական կազմի առջև ունեցած իր ելույթում:

Նախկինում հայտնի էր, որ Իրանի Նաթանզ գլխավոր միջուկային կառույցում գործում են ուրանի հարստացման համար օգտագործվող շուրջ 3500 ցենտրիֆուգաներ:

Ապրիլ ամսին նախագահ Ահմադինեջադը հայտարարել էր, որ պատրաստվում է գործողության մեջ դնել 6,000 նոր ցենտրիֆուգաներ, որոնք մեծապես կնպաստեն Իրանի` ուրան հարստացնելու կարողականությանը:

Համապատասխան ձևով հարստացված ուրանը կարող է օգտագործվել միջուկային զենքերի արտադրության համար, սակայն Իրանն ասում է, որ իր միջուկային ծրագիրը էլեկտրաէներգիա մշակելու նպատակ է հետապնդում:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Իրանի նկատմամբ եռափուլ պատժամիջոցներ է գործադրել` ի պատասխան վերջինիս կողմից ուրանի հարստացման ծրագրից չհրաժարվելուն:

Ուրբաթ օրը Իրանի նախկին նախագահ Ակբար Հաշեմին Ռաֆսանջանին հայտարարել է, որ վերջնաժամկետները չեն նպաստում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակացություններին և հորդորել է Արևմուտքին հնարավորություններ ընձեռել բանակցությունները հաջողությամբ պսակելուն:

Նա այդ մասին խոսել է ի պատասխան ԱՄՆ-ի նախազգուշացմանն առ այն, որ Իրանն այլևս չպետք է հետաձգի իր պատասխանը Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ներկայացված առաջարկների առնչությամբ, որոնք միտված են միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Գերմանիան և Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանին երկու շաբաթ ժամանակ էին տվել պատասխանելու Ժնևում ներկայացված առաջարկների փաթեթին, որի ձախողման դեպքում կարող են նոր պատժամիջոցներ լինեն:

XS
SM
MD
LG