Մատչելի հղումներ

Ախտորոշումից հետո Փեթրիք Սուեյզին ավելի երկար ապրեց, քան մյուս հիվանդները


“Կեղտոտ պարեր” և “Ուրվականը” ֆիլմերից մեզ հայտնի դերասան Փեթրիք Սուեյզին, երկու տարի պայքարելով հիվանդության դեմ, մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

20 ամիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, նա մահացավ` 57 տարեկան հասակում:

Ախտորոշումից հետո ԷյԲիՍի-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ ակնկալում է երկար և դժվարին պայքար:

«Նախ` ես հաղթելու եմ: Ինչ է ինձ համար հաղթանակը: Դա չհանձնվելն է»,-ասել էր նա:

Սուեյզին Կոնգրեսին էր դիմել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ուսումնասիրությանը ավելի շատ գումար հատկացնելու խնդրանքով:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդներն ախտորոշումից հետո երկու տարուց ավել չեն ապրում: Ըստ Վաշինգտոնի համալսարանի բժիշկ Մոհամեդ Կաալանի` քաղցկեղի այս տեսակը դժվար է ախտորոշել:

«Դա խորանիստ օրգան է, ուստի մինչև հիվանդի մոտ ախտանշանների ի հայտ գալը, ուռուցքը կարող է բավական մեծանալ»,-բացատրում է նա:

Ըստ բժիշկ Կաալանի` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հնարավոր չէ բացահայտել արյան անալիզի միջոցով: Նույնիսկ վաղ շրջանում հայտնաբերման դեպքում հիվանդների միայն 20 տոկոսին է հնարավոր վիրահատել:

Այս քաղցկեղի պատճառը հայտնի չէ:

Ըստ «Ամերիկյան բժշկական ընկերակցության» ամսագրում տպագրված հետազոտության` քաղցկեղի այս տեսակն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, նաև ծխողների և գեր մարդկանց շրջանում:

Այս ամսվա վերջին թողարկվող ինքնակենսագրականի մեջ Սուեյզին պատմում է հիվանդության դեմ իր պայքարի մասին:

XS
SM
MD
LG