Մատչելի հղումներ

22 տարի անց թվայնացվել են Բիթըլզի բոլոր 12 ալբոմները


Սեպտեմբերի 9-ին Բիթըլզի երկրպագուներն ամբողջ աշխարհում հերթ էին կանգնել` ձեռք բերելու Բիթըլզի նոր` թվայնացված հավաքածուն և Բիթըլզ Ռոք խմբի տեսախաղը: Ինժեներները չորս տարի շարունակ մաքրել են ձայնագրությունների բնօրինակները: Նոր ձայնագրությունների վաճառքը կարող է լինել ամենամեծը երաժշտության պատմության մեջ:

Էբի Ռոուդ ռոք խումբը Բիթըլզի երկրպագու է և Բիթըլզի նոր հավաքածուի թողարկման պատվին համերգ են կազմակերպել Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքի փոքրիկ խանութներից մեկում:

Խմբի հիմնադիրներից Փոլ Օլկոյի համար նոր հավաքածուի վաճառքի սպասումն արթնացնում է մանկության հուշերը, երբ Բիթըլզն առաջին անգամ համերգներ էր տալիս ԱՄՆ-ում:

“Ես հիշում եմ` աղջիկներն անդադար ճչում էին: Բիթըլզի անդամները յուրօրինակ անձնավորություններ էին: Նրանք անբռնազբոս էին լրատվամիջոցների հետ և հարցազրույցների ժամանակ անընդհատ կատակում էին”,- հիշում է նա:

Հավաքածուի սեփականատերերի կողմից թղթերը ստորագրելուց հետո մասնագետները չորս տարի աշխատում էին ձայնագրությունների վրա: Մաքրված ձայնագրությունները թույլ են տալիս դրանք լսել մոնո և ստերեո համակարգով, ինչպես նաև պարունակում են բնօրինակներ, և յուրաքանչյուր ալբոմի պատմությունը:

Ըստ նախնական արձագանքների` ձայնի որակն էապես բարելավվել է:

Երաժշտական քննադատ Ալան Լայթը Վայբ ամսագրի հիմնադիրներից է և շատ է գրել Ռոլինգ Սթոնի մասին: Նա ասում է, որ թվայնացման նպատակն էր առավելագույնս պահպանել նախկին ձայնագրությունները: Ոչինչ չի փոխվել, երաժշտական ձևավորումները թողնվել են նույնը:

Վաճառքում է նաև Բիթըլզ ռոք խմբի տեսախաղը, որը ղեկավարվում է արհեստական երաժշտական գործիքներով և պարունակում է Բիթըլզի 45 երգ:

Ներկայումս տեսախաղերն ավելի մեծ շահույթ են ապահովում, քան երաժշտությունը և Հոլիվուդյան ֆիլմերը: Խաղերի միջոցով հնարավոր է մեծացնել Բիթըլզի տարածումը երիտասարադների շրջանում:

Էբի Ռոուդ խմբի թմբկահարի որդին ասում է, որ Ռոք խմբի խաղերն ազդում են իրենց սերնդի երաժշտական ճաշակի վրա:

Նա պատմում է, որ Սթիվ Վոնի «Հպարտություն և ուրախություն» երգը դեռահասների շրջանում մեծ տարածում չստացավ մինչև այն տեղ չգտավ Ռոք խումբ տեսախաղում:

Տարեցների համար երաժշտությունն ինքնին կարևոր է: Բաս նվագող Բարի Ուիլարդն ասում է, որ նա նվագել սկսեց Բիթըլզի շնորհիվ:

«Բիթըլզի երաժշտությունն ինձ հուզեց, և ես որոշեցի կիթառ նվագել: Անմիջապես տարվեցի Բիթըլզով, և ամեն ինչ սկսվեց այդտեղից»,-ասում է նա:

Մայք Դանթոնին երաժշտության ուսուցիչ է: Նա Բիթըլզին դասում է Շուբերտի, Բախի, Բեթհովենի և այլ դասական վարպետների շարքին:

«Երբ սովորում էի կիթառ և դաշնամուր նվագել, փորձում էի հասկանալ Բիթըլզի երգերը: Ամեն ինչ սկսվում է երեք լարից, թվում է հեշտ, սակայն նրանց երաժշտությունը շատ հարուստ է և այնքան գեղեցիկ»,- պատմում է նա:

Հստակ չէ` Բիթըլզի հավաքածուն կվաճառվի ինտերնետում, թե ոչ: Էփըլ ընկերությունը վաճառքի օրը մամլո ասուլիս էր կազմակերպել`տեղի տալով խոսակցություններին, թե ԱյԹյունզի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ Ալան Լայթի` Բիթըլզն ինտերնետային վաճառքի պայմանավորվածություն չունի:

«Ինձ թվում է`դա ավելի ձայնագրող ընկերության և Բիթըլզի բաժնետերերի խնդիրն է, և ոչ թե Բիթըլզի և ԱյԹունզի կամ թվայնացմամբ զբաղվող որևէ այլ կազմակերպության»:

Երաժշտական ամսագիր Բիլբորդի կանխատեսմամբ սկզբնական վաճառքը մեծ է լինելու: Իսկ Էբի Ռոուդ խմբի համերգը ռոքընռոլի իրենց երաժշտությունը վերակենդանացնելու նոր հնարավորություն էր:

XS
SM
MD
LG