Մատչելի հղումներ

Վիրջինիայի նահանգում գործում է մի յուրահատուկ ծրագիր աշակերտների համար - 2005-05-19


Վիրջինիայի նահանգում գործում է մի յուրահատուկ ծրագիր, երբ դասերի ավարտից հետո աշակերտները կարող են ձեռք բերել հմտություններ եւ հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ։

16-ամյա Շարեկա Ֆալքերը վստահ է, որ գրեթե ամեն ինչ գիտի անսարք հեծանիվները վերանորոգելու համար։

Շարեկան ասել է. "Եթե այս մասը հպվի մետաղի հետ, նշանակում է անիվը թերություն ունի։ Այսպիսով այս սարքն օգտագործում եմ անվի ճաղերը հարմարեցնելու համար"։

Իսկ Հանս Հերերան 14 տարեկան է։ Նա նշել է. "Այժմ կարող եմ ասել, որ անսարք հեծանիվները վերանորոգելու վարպետ եմ։ Անհրաժեշտության դեպքում օգնում եմ ընկերներիցս եւ հարազատներիցս շատերին"։

Անցած 4 տարիների ընթացքում Շարեկան եւ Հանսը հաճախում են հեծանիվների այս արհեստանոցը, որը մասնակցում է Վիրջինիայի նահանգի Արլինգթոնի վարչաշրջանի կողմից անցկացվող եւ աշակերտների դասերի ավարտից հետո իրականացվող այս ծրագրին։

Բրյուս Համիլթոնը ծրագրի ղեկավարն է։

Պարոն Համիլթոնը հայտնել է. "Սովորաբար նրանք համարվում են սայթաքուն ճանապարհի ենթակա պատանիներ։ Այդ աշակերտները տնտեսապես կամ սոցիալապես անբարենպաստ պայմաններում են։ Ծրագրի նպատակն է դասերի ավարտից հետո նրանց ազատ ժամանակն օգտավետորեն օգտագործելը"։

Պատանիներն այստեղ ձեռք են բերում հմտություններ եւ ստանում են հոգեկան բավարարվածություն։ Երկու տարի է, ինչ 13-ամյա Թոմի Փալմերը մասնակցում է ծրագրին։

Իսկ Թոմիի ընկեր Անտուան Քրիթենդոնը վերջերս է սկսել հաճախել այստեղ։

Անտուանն ասել է. "Երբ առաջին անգամ եկա արհեստանոց սովորեցի մասնագիտական հմտություններ։ Չափազանց հաճելի էր, երբ ինձ հաջողվեց վերանորոգել մուգ կարմիր գույնի մի հեծանիվ"։

Սակայն պարոն Համիլթոնն ավելացրել է. "Աշակերտներն աշխատում են։ Ամեն ինչ չի արվում զուտ հաճույքի համար։ Այս ամենին գլխավորապես վերաբերում են որպես աշխատանքի։ Նրանք տեղյակ են դրան եւ հարգում են այդ փաստը"։

Վերանորոգվելուց հետո հեծանիվները վաճառվում են ավելի էժան գնով կամ նվիրաբերվում են։ Ձեռք բերված գումարով գնվում են նոր պահեստամասեր։

Իրենց կյանքում այս աշակերտները թերեւս ավելի լուրջ խնդիրներ ունենան, քան ջարդված հեծանիվներն են։ Սակայն այս յուրօրինակ ծրագրին մասնակցելով նրանք ձեռք են բերում վրդովվելու փոխարեն կացությունը ղեկավարելու անգնահատելի հմտությունը։

XS
SM
MD
LG