Մի ժամանակ հզոր ռուսական բանակը ներկայումս խորը փոփոխություններ է կրում, որի արդյունքը դեռեւս պարզ չէ։
1945 թվական։ Դաշնակիցների ու Խորհրդային բանակի համար Հաղթանակի փառապանծ օրեր, որոնք վաղուց անցել են։ Ներկայումս Ռուսական բանակը թերաֆինանսավորված է։ Այս մասին վերլուծաբան Պավել Ֆելգենհոերն ասում է.
՚՚Սա մարտի համար անպատրաստ, պառակտված, հարաճունորեն բարոյալքված բանակ է՚՚։
Այս զինվորները հսկում են հազարավոր միջուկային զենքեր, սակայն ռուս նորակոչիկների 70 տոկոսը խուսափում է բանակում ծառայելուց։ Անցյալ տարի ռուսական բանակում տեղի է ունեցել ինքնասպանության 500 դեպք։
Զինվորներին ստորացուցիչ ծանր աշխատանքով պատժելը տարածված է բանակում։ Տատյանա Կուզնեցովան Զինվորների մայրերի կոմիտեից է։ Նա ասում է.
՚՚Նրանց համազգեստները կեղտոտ են, սխալ չափսերի։ Նրանք պարզապես թնդանոթի միս են՚՚։
Այդ իսկ պատճառով Ռուսաստանի կառավարությունը փորձում է ստեղծել նոր բանակ։ Մոսկվայի մերձակայքում գտնվում է Թամանյան դիվիզիայի կենտրոնատեղին։ Գնդապետ Ալեքսանդր Շուտիկովն ասում է.
՚՚Երկու տարի մարզվելուց հետո զինվորները զորացրվում էին։ Պայմանագրային ծառայությունը նշանակում է ունենալ արհեստավարժ զինվորներ, ովքեր մարզվելուց հետո շարունակում են ծառայել՚՚։
Սերժանտ Ալեքսեյ Պերշիկովը համաձայն է այս մտքին։
՚՚Այստեղ պայմանները շատ ավելի լավ են։ Բոլոր սենյակներում կան հեռուստացույցեր, իսկ ամեն սենյակում ապրում է չորսից-տասնմեկ զինվոր։ Մարդիկ իրենց առաջադրանքը կատարում են շատ ավելի լավ՚՚։
Հաղորդումների համաձայն, Չեչնիայում բանակը կռվում է հին զենքերով, քանի որ չկան նոր տանկերի պահեստամասեր։ Այս դիվիզիայում զինվորների զենքերը հին չեն։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ջանում է վերաշխուժացնել ռուսական զենքի առեւտուրը։ Սակայն դրանից ստացված գումարը չի տրամադրվում ռուսական բանակին։ Այս մասին Պավել Ֆելգենհոերն ասում է.
՚՚Ոչինչ չիրագործվեց եւ այժմ նրա հանրահայտությունը չափազանց նվազ է բանակում՚՚։
Թեկուզ դանդաղորեն, փոփոխություն այնուամենայնիվ կատարվում է ռուսական բանակում։ Սակայն սա նախկին Խորհրդային Բանակը չէ, որը վաթսուն տարի առաջ կռվում էր Հայրենական Մեծ պատերազմում։