Մատչելի հղումներ

Ամերիկյան ընկերությունների կենսաթոշակային ծրագրերի ապագան - 2005-05-13


Համերկրային դատավորներից մեկի կայացրած որոշումը թերեւս կասկածի կենթարկի ընկերությունների կենսաթոշակային ծրագրերի ապագան։

Այս շաբաթ համերկրային դատավորներից մեկի կայացրած որոշմամբ "Յունայթիդ Էըրլայնզ" ավիաընկերությանը թույլ է տրվել չեղյալ հայտարարելու աշխատողների կենսաթոշակային ծրագրերը եւ հանգստի կոչված աշխատողների կենսաթոշակները վճարելու պարտականությունը դնել կառավարական գործակալություններից մեկի վրա։ "Յունայթիդ Էըրլայնզ" ավիաընկերությունը պայքարում է սնանկացումից դուրս գալու համար։

Ընկերության գործադիր փոխնախագահ Ջեք Բրեյսը հայտնել է. "Երկար ժամանակ փորձում էինք խուսափել դրանից։ Սակայն նման քայլը պարզապես անհրաժեշտություն էր"։

"Յունայթիդ Էըրլայնզ" ավիաընկերությունն իր տասը միլիարդ դոլարի հասնող կենսաթոշակային պարտավորությունը փոխանցում է համերկրային կառավարության կենսաթոշակների երաշխավորման ընկերությանը։ Սակայն "Յունայթիդ"-ը կարող է վճարել աշխատողների գումարների միայն երկու երրորդը, ինչը զայրույթի ալիք է առաջացրել բազմաթիվ աշխատողների շրջանում։

Աշխատողները նաեւ զայրացած են, որ "Յունայթիդ"-ի նախագահ Գլեն Թիլթոնի համար երաշխավորված է 4 միլիոն դոլարից ավելի գումար կազմող կենսաթոշակ՝ անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա ընկերության հետ։

Այս առնչությամբ սենատոր Էդվարդ Քենեդին ասել է. "ԱՄՆ-ի 500 ամենահաջողակ ընկերություններում, դրանց գործադիր տնօրենների կենսաթոշակները միջինում երաշխավորված են տարեկան մինչեւ 1 միլիոն դոլարի չափով։ Սակայն այդ ընկերությունների աշխատողների համար ոչինչ երաշխավորված չէ, բացառությամբ աշխատանքից ազատման թերթիկներից"։

Կենսաթոշակների երաշխավորման ընկերությունն իր սեփական խնդիրներն ունի։ Ընկերության պարտքն արդեն իսկ կազմում է 23 միլիարդ դոլար եւ շուտով ավելի մեծ թվով ընկերություններ կարող են չեղյալ հայտարարել իրենց աշխատողների կենսաթոշակային ծրագրերը։

Տնտեսագետ Դագլաս Բեյըրդը նշել է. "Հարցն այն է, թե ի՞նչ կկատարվի, եթե "Յունայթիդ Էըրլայնզ"-ի օրինակին հետեւի մեկ այլ խոշոր ավիընկերություն, օրինակ "Ըմերիքըն Էըրլայնզ"-ը"։

Բազմաթիվ տնտեսագետների կարծիքով վառելանյութի բարձր գների եւ խիստ մրցակցության պայմաններում համերկրային դատարանի կողմից անցյալ շաբաթ ընդունված որոշումն այլ ավիաընկերությունների համար ուղի կհարթի դիմելու համանման գործողության։ Այս միտումը նույնիսկ կարող է տարածվել արդյունաբերության այլ ճյուղերի, ինչպես օրինակ ավտոմեքենաշինության մեջ։

XS
SM
MD
LG