Կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունը համաճարակի վերածվելու վտանգ է կրում։
Կանանց շրջանում մահացության առաջին պատճառը սրտանոթային հիվանդություններն են, մինչդեռ շատերն անգամ չգիտեն, որ վտանգի մեջ են։ Ամերիկյան սրտաբանական միության գնահատումների համաձայն, ամեն տարի 6-ից 8 միլիոն կանայք հիվանդանում են սրտանոթային հիվանդություններով, իսկ 250 հազարից ավելի կանայք մահանում են դրանից։ Սակայն այս հիվանդություններին հանգեցնող գործոնների շուրջ իրազեկության բարձրացումն ու առաջավոր տեխնոլոգիան թերեւս օգնեն այդ մեծ չափեր ընդունող համաճարակին դիմագրավելու։
50-ամյա Գլադիս Լանդին հայտնել է, թե սրտանոթային հիվանդությունների մասին գիտի ակնկալվածից շատ ավելին։ Նա նշել է. "Ունեցել եմ սրտի 3 ինֆարկտ եւ 2 կաթված, որոնցից մեկը՝ խոշոր"։
Այս ամենի հետեւանքով Գլադիսը 2 տարի ստիպված եղավ մնալ վճարովի մասնավոր հիվանդանոցում։ Բազմաթիվ կանանց նման, նա տեղյակ չէր, որ իրեն նման վտանգ է սպառնում։
Դոկտոր Փամելա Դագլասը փորձում է փոխել այդ կացությունը։
Դոկտոր Դագլասն ասել է. "Իմ կարծիքով 20 տարեկան հասակում կանայք իրենց բժշկի հետ պետք է զրույց ունենան, թե որոնք են սրտի հիվանդություն ձեռք բերելու վտանգները, թե իրենք որքանով են հակված այդ հիվանդությանը, եւ թե ինչպես նվազեցնել սրտի հիվանդության հավանականությունը"։
Սրտի պատկերներ ստանալու առաջավոր տեխնոլոգիայի շնորհիվ բժիշկները հաճախ ի վիճակի են հայտնաբերելու սրտի աշխատանքում տեղ գտած շեղումները՝ նախքան դրանց լուրջ խնդրի վերածվելը։
Դոկտոր Ջոն Դեյվիդսոնը նշել է. "Սրտանոթային ուլտրաձայնը կարող է չափազանց ճշգրիտ տեղեկություններ տալ սրտի եւ սրտի արտաքին մասում գտնվող զարկերակների վիճակի մասին։ Կանանց համար այս նոր տեխնոլոգիայի կարեւորությունը կայանում է նրանում, որ ներկայումս նրանց սիրտը կարելի է ենթարկել բժշկական ստուգման՝ նախքան սրտանոթային հիվանդությունների ախտանշանների զարգացումը"։
Գլադիսը ենթարկվել է 2 սրտափականների փոխարինման վիրահատության եւ կանոնավորապես հաճախում է բժշկական քննությունների։
Նա հայտնել է. "Ֆիզիկական ակտիվությունը կարեւոր գործոն է։ Իմ կենսաոճն ամբողջապես փոխվել է դեպի լավը, քանի որ ցանկանում եմ ավելի երկար ու ավելի առողջ ապրել"։
Ամերիկյան սրտաբանական միության գնահատումների համաձայն, ամեն տարի 435 հազար ամերիկուհիներ ստանում են սրտի ինֆարկտ։ Սակայն հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հնարավոր է կանխել սրտանոթային հիվանդությունները։ Այդ իսկ պատճառով փորձագետներն ասում են, թե սրտանոթային հիվանդություններին հանգեցնող գործոնների շուրջ իրազեկության բարձրացումն ու բժշկական տեխնոլոգիայի զարգացումը կանանց կարող են օգնել ավելի երկար ու ավելի առողջ կյանք ունենալու։