Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում թերեւս նախապատրաստվում էին ահաբեկչական նոր հարձակումներ... - 2005-04-13


Միացյալ Նահանգները երեք անձանց մեղադրում է երկրի ֆինանսական հաստատությունների դեմ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Երկրի Գլխավոր դատախազի տեղակալ Ջեյմս Քոմին ասել է, թե երեքն էլ բրիտանացի են։

՚՚…մեղադրական ակտում նշվում է, որ Դիրեն Բարոտը, Նադիմ Թարմոհամեդն ու Քաիսար Շաիֆին 2000 եւ 2002 թվականներին մուտք են գործել Միացյալ Նահանգներ ու մանրամասն զննել են Վաշինգտոնում գտնվող Միջազգային Արժութային Հիմնադրամի, Համաշխարհային Բանկի կենտրոնատեղիները, Նյու Ջըրզիի նահանգի Նյուարք քաղաքում գտնվող Փրուդենշըլ ընկերության համաշխարային կենտրոնատեղին եւ Նյու Յորք քաղաքում Արժեթղթերի փոխանակման ու Սիթիգրուփ ընկերության կենտրոնները՚՚։

Այդ շենքերի շուրջ ահաբեկչական վտանգի սպառնալիքի մակարդակը 2004 թվականի օգոստոսին բարձրացվեց՝ դրանց դեմ Ալ Քաիդայի հարձակման հավանականության պատճառով։ Այժմ, ութ ամիս անց, ԱՄՆ-ի պաշտոնատարները նոր մանրամասներ են տրամադրում նրանց գործունեության մասին։

Մեղադրական ակտում երեք անձինք մեղադրվում են զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման, ահաբեկիչներին աջակցելու, ահաբեկիչներին իրենց աջակցությունը թաքցնելու եւ արտաքին առեւտրի շենքերը վնասելու կամ ոչնչացնելու դավադրությունների մեջ։

Իշխանություններն ասում են, թե շենքերը հետախուզելուց հետո երեք անձինք հեռացել են Միացյալ Նահանգներից։ 2004 թվականի օգոստոսին նրանց ձերբակալել են Բրիտանիայի իշխանությունները։

՚՚Այս երեք անձինք Միացյալ Թագավորության բանտերից մեկում ներկայումս պահվում են ահաբեկչական առանձին հետաքննության համար։ Դրա ավարտից հետո ԱՄՆ-ը կպահանջի արտահանձնել նրանց՚՚։

Նախագահ Բուշն ամերիկացի զինվորներին ասել է, թե ահաբեկիչների դեմ պատերազմը Իրաք եւ այլ երկրներ փոխադրելով Միացյալ Նահանգները դառնում է ավելի ապահով։

՚՚Մերձավոր Արեւելքում ազատ Իրաքի ստեղծումը ջախջախիչ պարտություն կլինի բռնակալության եւ ահաբեկչության ուժերի համար…։ Սակայն ձեր գործը չի ավարտվել։ Ահաբեկիչները դեռեւս ցանկանում են հարձակումներ գործել մեր մարդկանց դեմ, սակայն պարտություն են կրում՚՚։

Նախագահը Ֆորթ Հուդ այցելեց Իրաքի դեմ հարձակումից ուղիղ երկու տարի անց։

՚՚Բաղդադում Սադամ Հուսեյնի արձանի տապալումը պատմության մեջ կմնա Բեռլինի Պատի քանդվելու հիշողության հետ …՚՚։

Պարոն Բուշն ասաց, որ չնայած Իրաքի ձեռք բերած առաջընթացին, բռնարարքային գործողությունները դեռեւս չեն վերացվել։

XS
SM
MD
LG