Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն ծրագրում է տիեզերական նոր թռիչքներ... - 2005-04-12


Միացյալ Նահանգների բազմակի օգտագործման ՚՚Դիսքավըրի՚՚ տիեզերանավը հասցվել է հրթիռարձակման հրապարակը հաջորդ ամիս կատարելիք թռիչքի համար։

Հրթիռարձակման հրապարակ ՚՚Դիսքավըրիի՚՚ հասցվելն ուշացվեց, երբ տեխնիկները մազի հաստության ճեղքվածք հայտնաբերեցին տիեզերանավի արտաքին մասում գտնվող վառելանյութի բաքի ջերմամեկուսիչ նյութի մակերեսին։

Միացյալ Նահանգների բազմակի օգտագործման տիեզերանավերի արձակման ծրագիրն առկախվեց 2003 թվականին ՚՚Կոլումբիա՚՚ տիեզերանավի աղետից հետո։

՚՚Անվտանգության նկատառումներով Դիսքավըրի՚՚-ն եւ մյուս երկու տիեզերանավերը մանրակրկիտորեն ենթարկվել են ձեւափոխության։ Այժմ ՆԱՍԱ-ն ջանում է կանխել տիեզերանավի արձակումից հետո վառելանյութի բաքը ծածկող ջերմամեկուսիչ կարծր նյութի քայքայվելն ու դրա հետեւանքով տիեզերանավի վնասվելը։ Այս մասին ՆԱՍԱ-ի ղեկավարներից Վեյն Հեյլն ասում է.

՚՚Մենք վիթխարի աշխատանք ենք կատարել հրթիռի մակերեւույթին առկա վտանգները նվազեցնելու գործում՚՚։

Սակայն պարոն Հեյլն ասում է, թե չնայած տիեզերանավն ամրացնելու նպատակով ձեռնարկված բազմաթիվ միջոցներին, ՆԱՍԱ-ն չի կարող ամբողջովին վերացնել ջերմամեկուսիչ նյութը պոկվելու հետեւանքով դրան սպառնացող վտանգը։

՚՚...կարծում եմ մենք դեռեւս թռչելու ենք որոշակի վտանգի պայմաններում՚՚։

՚՚Դիսքավըրի՚՚ տիեզերանավն արձակվելու է տիեզերք մայիսի վերջերին կամ հունիսի սկզբներին, միջազգային տիեզերակայանին անհրաժեշտ պաշարներ տանելու համար։ Իսկ տիեզերակայանի կառուցումը 2010 թվականին ավարտվելուց հետո բազմակի օգտագործման ներկայիս տիեզերանավերը դուրս են գրվելու։

XS
SM
MD
LG