Կալիֆոռնիայի բնակչությունը գտել է անձրեւաջուր կուտակելու արդյունավետ, հին միջոց։
Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում տեղացել է 66 սանտիմետր անձրեւ։ Այդ ջրի մեծ մասն ուղիղ հոսել է դեպի օվկիանոս, ասում է շրջակա միջավայրի պաշտպանության գործիչ Անդի Լիպկիսը։
Լոս Անջելեսի տարածքի երկու երրորդն ասֆալտապատ է, այդ իսկ պատճառով ահռելի քանակության տեղումներն իզուր կորչում են։
Անապատում կառուցված քաղաքի համար, որն իր ջրի ութսունհինգ տոկոսը գնում է տարեկան մեկ միլիարդ դոլարով, դա վիթխարի վատնում է։
՚՚ Լոս Անջելեսում մեկ սանտիմետր տեղումներից ստացվում է տասնվեց միլիարդ լիտր ջուր, որից իզուր զրկվում ենք՚՚։
Շրջակա միջավայրի պաշտպանության ՚՚Թրի Փիփըլ՚՚ կոչվող նրա խումբը քաղաքի ղեկավարությանը համոզել է ներդրումներ կատարել հնագույն միջոցներից մեկում, որն անձրեւաջուրը ստորերկրյա տարողություններում կուտակելն է։ Լոս Անջելեսի այս տարրական դպրոցում այս միջոցով կուտակվել է բավարար քանակության ջուր, դպրոցի խաղադաշտերի ներկայիս փարթամ կանաչը ջրելու համար։ Այժմ ծառերը ստվեր են ձգում շենքերի վրա, որը նվազեցնում է օդը զովացնող սարքերի անհրաժեշտությունը։
Կազմակերպությունը վերջերս ցուցադրել է, թե ինչպես է աշխատում համակարգը։ Ջուրը ֆիլտրման համակարգերով անցնելով հատուկ առվակներով մղվում է դեպի տարողությունները։ Համակարգն առանձնացնում է աղտոտող նյութերը, որոնք ավելի ուշ դուրս են մղվում եւ հեռացվում են։ Անդի Լիպկիսն ասում է, թե հակառակ դեպքում այս թափոնները կլցվեին Խաղաղ օվկիանոսը։
Քաղաքը պատրաստվում է կառուցել ստորերկրյա նոր տարողություններ։ Աշակերտների կարծիքով դա օգտակար կլինի։
՚՚Եթե տարրական մի փոքրիկ դպրոց կարողանում է դա անել, իսկ ինչու՞ չի կարող անել որեւէ խոշոր ընկերություն։