Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների ոչ-շահութաբեր կազմակերպություններից մեկի դրամաշնորհը՝ Ռուսաստանին - 2005-02-08


Առաջիկայում ծրագրվում է ոչնչացնել Ռուսաստանի մոտավորապես երկու միլիոն քիմիական զենքեր։

՚՚Միջուկային սպառնալիքի նախաձեռնություն՚՚, կամ անգլերեն կրճատ՝ ԷՆ-ԹԻ-ԱՅ կազմակերպության կողմից շնորհված մեկ միլիոն դոլար գումարը կօգտագործվի կառուցելու երկաթուղային կամուրջ, Սիբիրում պահեստավորված զենքեր ոչնչացնելու համար։

Դրամաշնորհը, որի մասին հայտարարվեց Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ, ոչ-շահութաբեր մի կազմակերպության կողմից առաջին օժանդակությունն է աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած ութ երկրների նախաձեռնությանը, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարելու գործում։

Դրամաշնորհի մասին հայտարարելիս կազմակերպության համանախագահ Սեմ Նաննը զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարը բնութագրեց որպես ՚՚մրցավազք համագործակցության եւ աղետի միջեւ՚՚։

՚՚Բարեբախտաբար, այս առավոտ մենք խոսում ենք համագործակցության մասին՚՚, ասաց նա։

Ռուսաստանի փորձագետները կղեկավարեն զենքերի ոչնչացումը, որոնց թվում են հրետանային արկերից սկսած մինչեւ ՚՚Սքադ՚՚ մակնիշի հրթիռների մարտագլխիկներ։

Դրանց մեծամասնության մեջ կան մարդու նյարդային համակարգը քայքայող Սարին, Զոման եւ Վի-Էքս գազ։

Այս նվիրատվությունից բացի, Կանադան հատկացնում է 25 միլիոն դոլար, Պլանովիում Ռուսաստանի քիմիական զենքերի պահեստներից մեկի եւ Սչուչիում գտնվող ու Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող ոչնչացման գործարանի միջեւ տասնութ կիլոմետր երկարությամբ երկաթուղագիծ կառուցելու համար։

Այս երկուսն էլ նոսր բնակեցված քաղաքներ են Սիբիրում, որոնք գտնվում են Կուրգանի մերձակայքում, Ղազախստանի սահմանին։

ԱՄՆ-ում Կանադայի դեսպանը, Մայքըլ Կերգինն ասել է թե ծրագիրը կլինի ՚՚ընդհանուր նպատակի՚՚ խորհրդանիշն ու ՚՚վիթխարի անջրպետի վերացումը՚՚, որի հետեւանքով ստեղծվեցին այդ զարհուրելի նյութերը՚՚։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը, Յուրի Ուշակովը շնորհակալություն հայտնեց իր երկրի ՚՚գործընկերներին՚՚, ՚՚աշխարհում քիմիական զենքերի ամենախոշոր պահեստը՚՚ ոչնչացնելուն օգնելու համար։

Ռուսաստանի քիմիական զենքերի քանակը պաշտոնապես կազմում է 40 հազար տոննա, որոնք նյարդային համակարգը քայքայող նյութեր են եւ պահեստավորված են յոթ տեղանքներում։

Ռուսաստանի քիմիական զենքերը ոչնչացնելու համար անհրաժեշտ է առնվազն տասը միլիարդ դոլար։

XS
SM
MD
LG