Անկախ զեկույցներից մեկի համաձայն, Իրաքում գործած պարեն նավթի դիմաց ՄԱԿ-ի ծրագրի ղեկավարը լրջորեն վարկաբեկել է ՄԱԿ-ի հեղինակությունը։
Իրաքում գործած ՄԱԿ-ի պարեն նավթի դիմաց ծրագրի գործունեությունը հետաքննող հանձնաժողովի նախագահ Փոլ Վոլքըրն ասում է, թե ծրագրի նախկին ղեկավարը, Բենոն Սեւանը Իրաքից մշտապես խնդրել եւ ստացել է նավթի մատակարարումներ։
Տասնամսյա հետաքննության շուրջ թղթակիցների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում պարոն Վոլքըրը պարոն Սեւանի գործողությունները կոչել է ՚՚ բարոյապես անվայել՚՚։
՚՚Կարծում եմ փաստ է, որ պարոն Սեւանն իրեն մշտապես դրել է շահերի բախման լուրջ կացության մեջ, որը խախտել է միջազգային հաստատության բարձրաստիճան ծառայողի համար այնքան կարեւոր ՄԱԿ-ի օրենքներն եւ ազնվության չափանիշները՚՚։
Պարոն Սեւանը ժխտում է, թե անցյալում որեւէ օրինազանցություն է թույլ տվել։ Սակայն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անձնակազմի պետը, Մարկ Մալոք Բրաունն ասում է թե զեկույցի տվյալները հակառակն են ապացուցում։
՚՚Գլխավոր քարտուղարը ցնցված է պարոն Սեւանի մասին զեկույցի տվյալներից եւ կասկած անգամ չունի, որ ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չկա որն արդարացներ զեկույցում ապացուցված նրա վարվելակեպը՚՚։
Պարոն Մալոք-Բրաունն ասում է, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը կարգապահական միջոցներ է ձեռնարկել պարոն Սեւանի եւ ՄԱԿ-ի մեկ այլ աշխատակցի դեմ, եւ եթե համերկրային իրավապահ գործակալությունները պարեն նավթի դիմաց ծրագրի հետ առնչված ՄԱԿ-ի որեւէ պաշտոնատարի մեղադրեն հանցագործության մեջ, պարոն Աննանը նրան կզրկի դիվանագիտական անձեռնմխելիությունից։
Վոլքըրի հանձնաժողովը նաեւ ասել է, թե առկա էր համոզիչ եւ անառարկելի ապացույց, որ պարեն նավթի դիմաց ծրագրի երեք կապալառուները չեն հետեւել ֆինանսական ու գին առաջարկելու ընդունված օրենքներին։ Սակայն պարոն Վոլքըրն ասել է, թե ֆինանսական նախահաշիվը, ծրագրի իրագործումը, հաշվապահությունն ու հաշիվների ստուգումը համեմատաբար հուսալի վիճակում էին։
Պարոն Վոլքըրը շեշտել է թե կարեւոր է հիշելը, որ Սադդամ Հուսեյնի կառավարությունը միլիարդավոր դոլարի գումար է ստացել նաթվի վաճառքից, երբ դեռեւս գործում էր սահմանափակումը։
՚՚Իրաքի եւ նրա վարչակարգի ապօրինի գումարների նշանակալից աղբյուրը ստացվում էր սահմանափակումների խախտումից, որը կապ չուներ պարեն նավթի դիմաց ծրագրի հետ։ Նավթը գաղտնաբար հասցվում էր Հորդանան, Թուրքիա, Սիրիա եւ մի քիչ էլ Եգիպտոս՚՚։
Պարեն նավթի դիմաց ծրագիրը սկսվեց 1996 թվականին եւ պարոն Մալոք-Բրաունն ասում է թե դա հաջող էր, քանի որ դա այդ ժամանակ ծայրահեղ զրկանքների մեջ գտնվող շարքային իրաքցիներին հնարավորություն տվեց գնելու պարեն եւ դեղորայք։ Պարեն նավթի դիմաց ծրագրի շուրջ պարոն Վոլքըրի վերջնական զեկույցը կհրապարկվի ամռանը։