Մատչելի հղումներ

Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի առողջական կացությունը կայուն է։ - 2005-02-03


Վատիկանը հայտնել է, թե Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կացությունը կայուն է, սակայն նա մի քանի օր ե՛ւս կմնա Հռոմի հիվանդանոցներից մեկում։

Անցած չորեքշաբթի Իտալիայի առաջատար բոլոր թերթերի նյութը Պապի՝ հիվանդանոց փոխադրվելն էր։

Պապը, որը տառապում է սուր հոդաբորբից եւ Փարքինսոնի հիվանդությունից, անցած կիրակի հիվանդացավ գրիպով։ Նա այդ օրը, որը Հռոմում այս ձմեռ ամենացուրտ օրերից մեկն էր, հայտնվեց իր սենյակի պատուհանի մոտ սուրբ Պետրոսի հրապարակում երկու աղավնի բաց թողնելու համար։ Նա հարկադրված էր առկախել առաջիկա մի քանի օրերի իր պարտականությունները։

Հռոմի լեհ համայնքի անդամներն անցած չորեքշաբթի հավաքվեցին սուրբ Ստանիսլավի եկեղեցում՝ Հովվապետի համար աղոթելու նպատակով. այդպես վարվեցին նաեւ կաթոլիկները Պապի հայրենի Լեհաստանի Կրակով քաղաքի եկեղեցում։

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում հավատացյալները վառեցին մոմեր։ Հայր Ռիչըրդ Քենփակն ասում է.

'Ես լեհ եմ, Պապի հայրենիքից եւ Լեհաստանում մենք չափազանց մոտ ենք զգում Պապին ու միշտ աղոթում ենք նրա համար'։

Կաթոլիկները նաեւ հավաքվեցին Մեխիկոյի կենտրոնական տաճարում՝ աղոթելու համար։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Բոննի Կասունգան, որը մի ժամանակ հանդիպել է Պապի հետ, առաջարկեց իր լավագույն մաղթանքները։

'Այստեղ, այս ժամին գալիս ենք հենց ա՛յդ պատճառով, Պապի համար աղոթելու համար։ Ինչպես իմ դեպքում է, նա ինձ ու իմ առաջնեկ երեխային օրհնել է իր ձեռքերով։ Ես զգացված եմ դրանից եւ ցանկանում եմ նրան տեսնել առողջացած ու վերստին եկեղեցի վերադարձած'։

Լեհաստանում ծնված Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը վերջին 450 տարվա ընթացքում ոչ-իտալացի առաջին՝ եւ վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաերկար ծառայող Հովվապետն է։

XS
SM
MD
LG