Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-10-28


Հոկտեմբերի 23ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ մի հավաք, որի ընթացքում ավելի քան 7Օ երկրների եւ 2Օ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկեցին տասնամյակներ տեւած ճնշումներից հետո Իրաքի վերականգնմանը օգնելու հարցը։ Նրանք պարտավորվեցին առնվազն 33 միլիարդ դոլարի դրամաշնորհ եւ փոխառություններ տալ Իրաքին։ Միացյալ Նահանգներից բացի, որը խոստացել է 2Օ միլիարդ դոլարի օգնություն, նվիրատու երկրների թվում են նաեւ Հարավային Կորեան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսպանիան, Քուվեյթը, եւ Սաուդյան Արաբիան։

Նախագահ Ջորջ Բուշը աշխարհի երկրներին խրախուսում է օգնել Իրաքի ժողովրդին ազատ եւ կայուն ապագա կերտելու համար. ՝՝Ավելի քան 7Օ երկրների եւ միջազգային կազմակերպությունների, ներառյալ Համաշխարհային Բանկի, Յունիսեֆի, եւ Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության ներկայացուցիչներ Մադրիդում հավաքվեցին քննարկելու համար Իրաքի ապագա կարիքներն ու այլ երկրների օգնության ուղիները։ Այս երկրներն ու միջազային կազմակերպությունները խոստացան միլիարդավոր դոլարի օգնություն Իրաքի վերակառուցման աշխատանքներին՝՝,- ասել է նախագահ Բուշը։

՝՝Այս հարաճուն ֆինանսական աջակցությունը, ասել է նախագահ Բուշը, ամրապնդում է այն հաջողությունը, որն արձանագրվել է արդեն իսկ Իրաքում ծառայող ընդարձակ ռազմական դաշինքի կողմից։ Նա ասել է. ՝՝Այսօր Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին են միանում մօտ 24.ՕՕՕ զինվորներ 32 այլ երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Չեխիայի հանրապետությունից, Իտալիայից, Իսպանիայից, Հոլանդիայից, Թայլանդից, Էլ Սալվադորից, Սլովակիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ուկրաինայից եւ Ֆիլիպիններից։ Դաշնակից ուժերը օգնում են որոնելու ահաբեկիչներին եւ Սադդամի աջակիցներին, ականզերծում են Իրաքյան ջրուղիները, որպեսզի օգնության առաքումները առաջ ընթանան, եւ համադրում են Իրաքի ոստիկանության, բանակի եւ սահմանային պաշտպանության նոր ուժերի հավաքագրման ու վերապատրաստման աշխատանքները՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Միացյալ Նահանգների ղեկավարած դաշինքը Իրաքում վերակառուցում է դպրոցները, առողջապահության կենտրոնները, փոխադրամիջոցների ենթակառույցը եւ էլեկտրամատակարարման ցանցերը։ Շրջանառության մեջ է դրվել նոր դրամական համակարգ եւ առեւտրական գործառնությունները աճել են։ Տեղական կառավարման մարմինները արդեն գործում են եւ շուտով Իրաքը կսկսի սահմանադրության ստեղծման գործընթացը, որին կհետեւեն ընտրությունները։

Ինչպես Իրաքի Կառավարիչ խորհրդի ղեկավար Այադ Ալլավին է ասել, ՝՝ակնառու աջակցություն է ստացվել։ Իրաքը մի քանի օրվա մեջ ձեռք է բերել բազմաթիվ նոր բարեկամներ։ Առաջիկա տարիներին Իրաքցիք կհիշեն, թե ովքեր օգնության ձեռք մեկնեցին իրենց ժողովրդի կարիքները հոգալու համար՝՝,-ասել է պրն Ալլավին։

XS
SM
MD
LG