Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼ ԵՒ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ - 2003-06-27


[AFP] - Պաղեստինյան պաշտոնատարներից մեկը տեղեկացնում է, թե առաջընթաց է կատարվել գիշերվա ընթացքում անվտանգության խնդիրների վերաբերյալ Իսրայելի հետ կայացած բանակցություններում, որի նպատակը Գազայի գոտու որոշ մասեր եւ Հորդանան գետի արեւմտյան ափը պաղեստինյան վերահսկողությանը հանձնելն է։ Ինքնությունը բացահայտել չցանկացած պաշտոնատարը սույն ակնարկն արել է այսօր, պաղեստինյան անվտանգության ղեկավար Մոհամեդ Դահլանի եւ պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունները համադրող գեներալ Ամոս Գիլադի միջեւ կայացած վերջին հանդիպումից հետո։ Մերձավոր Արեւելքի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակ Ջոն Վուլֆը եւ Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Կուրտզերը նույնպես ներկա են գտնվել բանակցություններին։ Խրախուսիչ խոսքերին հակառակ, դեռեւս հստակ չէ, թե ի՞նչ հարցեր պետք է լուծվեն, որպեսզի իսրայելյան զինյալ ուժերը դուրս բերվեն Գազայի գոտու որոշ մասերից եւ Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Բեթղեհեմ քաղաքից։ Այսօր, ավելի վաղ, Գազա քաղաքի շրջանում մի տան վրա կատարված ռազմերթի ժամանակ իսրայելացի զինվորների բացած կրակի հետեւանքով սպանվել են պաղեստինցի երեք գրոհայիններ եւ մեկ քաղաքացիական բնակիչ։ Շուրջկալի ժամանակ սպանվել է նաեւ իսրայելացի մի զինվոր, որը փորձում էր ձերբակալել ՀԱՄԱՍ անվամբ հայտնի իսլամամետ խմբի փնտրվող ավագ անդամ Ադնան ալ-Ղուլին։ Նա այդ պահին տանը չի եղել, սակայն նրա որդին եւ զարմիկը սպանվել են փոխհրաձգության բռնկման հետեւանքով, երբ զինվորներն ավերակել են նրանց տունը։ Սպանվել է նաեւ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴ կազմակերպության մի անդամ, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող մի տան քաղաքացիական բնակիչներից մեկը։ Այս մահացու միջադեպերը շարունակվում են այն հաղորդագրություններին հակառակ, թե գրոհային պաղեստինյան խմբերը մոտ են հրադադար հայտարարելուն եւ իսրայելացիների դեմ կատարվող հարձակումներին վերջ դնելու կոչ անելուն։ Նախագահ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիսա Ռայսը մոտ օրերս մեկնելու է սույն տարածաշրջան, Իսրայելի եւ պաղեստինյան պաշտոնատարների հետ բանակցություններ վարելու համար, ջանալով առաջ մղել խաղաղության հաստատման գործընթացը։

XS
SM
MD
LG