Մատչելի հղումներ

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՏՊՈՒՄ Է ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ - 2003-06-21


Հանցագործները հաճախ տպում են կեղծ թղթադրամներ։ Այս կարգի քրեական գործունեությունը մեծ խնդիր է հարուցում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Միացյալ Նահանգները շուտով տպելու է թղթադրամներ, որոնք չափազանց դժվար կլինի կեղծելը։ Միացյալ Նահանգների կառավարությունը վերջերս հայտարարեց կեղծ թղթադրամների տպելուն վերջ տալու նպատակով իր նոր ջանքերի մասին։ Կառավարությունը հայտնել է, թե իր բռնագրաված մոտավորապես քառասունչորս միլիոն դոլարի կեղծ թղթադրամները տպվել են անցյալ տարի։ Փորձագետները հայտնել են, թե ժամանակակից համակարգիչներն ու տպելու մեթոդները թղթադրամների կեղծումը դարձրել են չափազանց դյուրին։ Կառավարության պաշտոնատարները հասարակայնությանը վերջերս ցուցադրել են ամերիկյան թղթադրամի մի նոր էսքիզ, որը բոլորից ավելի հաճախ է պատճենահանվում ապօրինի կերպով։ Դա քսան դոլարանոց թղթադրամն է։ Այս մասին հայտարարությունը մաս է կազմում կրթական մի ծրագրի, որի նպատակը վստահանալն է, որ աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ կտեղեկանան նոր թղթադրամի մասին եւ կըմբռնեն դրա էսքիզի ապահովությունը։ Էսքիզի ապահով կողմերից մեկը տարբեր գույների օգտագործումն է։ Ամերիկյան թղթադրամը միշտ եղել է կանաչ գույնի։ Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ քսան դոլարանոց նոր թղթադրամը լինելու է կապույտ, նարնջագույն ինչպես նաեւ կանաչ գույների։ Նոր թղթադրամն իր ներսում նաեւ ունի հատուկ մի միջոց, որը կոչվում է ապահովության թել։ Թելը դյուրությամբ նկատելի է թղթադրամի մեջ, եթե այն պահվի լույսի տակ։ Թղթադրամի ներքեւի աջ անկյունում տպվելու է հատուկ գունավորում ունեցող քսան թիվը։ Այս թիվն իր գույնը փոխում է երբ թղթադրամը շարժում ենք։ Քսան դոլարանոց նոր թղթադրամի վրա վերստին կտպվի Միացյալ Նահանգների երբեմնի նախագահ Անդրյու Ջաքսընի պատկերը։ Սակայն նրա պատկերը նաեւ կարող է երեւալ, եթե թղթադրամը պահենք լույսի տակ։ Այն վերստին տպվել է թղթադրամի ներսում, որի ժամանակ օգտագործվել է ջրանիշ կոչվող մեթոդը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնել է, թե քսան դոլարանոց նոր թղթադրամը շրջանառության մեջ կդրվի այս տարվա վերջերին։ Հաջորդ տարի եւ երկու տարի անց տպվելու են հիսուն եւ հարյուր դոլարանոց նոր թղթադրամներ։ Այժմ քննարկվում է հինգ եւ տասը դոլարանոց թղթադրամներ տպելու հարցը։ Սակայն պաշտոնատարները հայտնել են, որ չեն ծրագրում փոխել Միացյալ Նահանգների մեկ եւ երկու դոլարանոց թղթադրամները։

XS
SM
MD
LG