Մատչելի հղումներ

ԱՖՂԱՆՍՏԱՆ - 2003-06-07


Քաբուլում կատարված, ըստ երեւույթին, անձնասպան ռմբահարման հետեւանքով ոչնչացել է Աֆղանստանում գտնվող միջազգային խաղաղապահների փոխադրող մի ավտոբուս։ Գերմանիայի պաշտպանության նախարարն այսօր ասել է, թե պայթյունի հետեւանքով սպանվել է միջազգային անվտանգության օգնության ուժերի գերմանացի չորս զինվոր։ Ոչ ոք հանձն չի առել այս հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի արեւելյան մասի երթեւեկությամբ ծանրաբեռնված մի փողոցում։ Պաշտոնատարներն ասում են, թե ավտոբուսը մեկնում էր Քաբուլի միջազգային օդանավակայան, ուր իրենց խաղաղապահ առաքելությունը կատարելուց հետո գերմանացի զինվորները պետք է մեկնեին հայրենիք։ Տեղական իշխանությունները նշում են, որ առնվազն տասը ուղեւորներ եւ մի քանի հետիոտն անցորդներ լրջորեն վիրավորվել են հարձակման հետեւանքով եւ չի ակնկալվում, թե բոլորը կվերապրեն։ Աֆղան պաշտոնատարներն ասում են, թե պայթուցիկներով լիցքավորված մի տաքսի ավտոմեքենա մոտեցել է խաղաղապահներին փոխադրող ավտոբուսին եւ կատարել է պայթյունը, ամբողջովին ոչնչացնելով ավտոբուսը։ Ականատեսները պատմում են, որ պայթյունի հարվածն ավտոբուսը շպրտել է փողոցից մի քանի մետր հեռու։ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը հարձակումը բնութագրել է ՚փոքրոգիություն եւ թիկունքից կատարված հարված՚ եւ ավելացրել է, թե դա նպատակ է ունեցել խարխլելու Աֆղանստանի դյուրաբեկ խաղաղությունը։ Սույն միջադեպը խաղաղապահների դեմ կատարված ամենամահացու հարձակումն էր թալեբանի վարչակարգի տապալումից հետո Աֆղանստանի մայրաքաղաքում տասնութ ամիս առաջ պարեկումներն սկսվելուց ի վեր։ Միջազգային անվտանգության օգնության ուժերը ներկայումս գտնվում են Գերմանիայի եւ Հոլանդիայի վերահսկողության ներքո։ Միջազգային խաղաղապահ ուժերում ծառայում է մոտավորապես հինգ հազար զինվոր։ Այսօրվա հարձակումից առաջ տասնհինգ խաղաղապահներ են մահացել Աֆղանստանում, բոլորն էլ պատահարների հետեւանքով։ Բացի այդ, իսպանացի վաթսուներկու խաղաղապահներ մահացան Թուրքիայում նրանց օդանավի կործանման հետեւանքով, երբ Աֆղանստանում չորսամսյա զինվորական պարտականությունը կատարելուց հետո մայիս ամսին վերադառնում էին հայրենի Իսպանիա։ [AFP,AP]

XS
SM
MD
LG