Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-05-09


Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ Իսպանիան ծրագրում են այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացնել մի նոր օրինագիծ, ըստ որի՝ վերջ կդրվի ավելի քան մեկ տասնամյակ Իրաքի դեմ հաստատված տնտեսական պատժամիջոցներին։ Առաջարկված օրինագիծը կոչ է անում՝ անմիջապես վերացնել 1990 թվականին Իրաքի կողմից Քուվեյթ կատարված ներխուժումից հետո Բաղդադի դեմ հաստատված տնտեսական պատժամիջոցները։ Այնտեղ նաեւ կոչ է արվում աստիճանաբար վերացնել ՄԱԿ-ի նավթի դիմաց պարեն ծրագիրը, որը նախատեսված էր Իրաքի ժողովրդի վրա պատժամիջոցների ներգործությունը մեղմելու համար։ Ըստ այդ օրինագծի, Իրաքի նավթի վաճառքից ստացված դրամը պետք է պահվի Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի վերահսկած Իրաքի օգնության հատկագումարում եւ պետք է օգտագործվի Իրաքի վերակառուցման եւ օգնության ջանքերի համար։ Այդ դրամը կպահվի Իրաքի կենտրոնական բանկում, որը ղեկավարելու է Միացյալ Նահանգների ֆինանսների նախկին փոխնախարար Փիթըր ՄըքՓըրսընը։ Հատկագումարը կունենա խորհրդակցական հանձնախումբ, որում կներգրավվեն պաշտոնատարներ Միացյալ Նահանգներից, Համաշխարհային բանկից եւ Արժութային միջազգային հիմնադրամից։ Սակայն այդ դրամի ծախսման որոշումը պետք է կայացնեն Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան, խորհրդակցելով Իրաքի ժամանակավոր կառավարության հետ։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Ուիլյամսն ասում է, թե հուսով է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մինչեւ հունիսի երեքը կվավերացնի այդ օրինագիծը, քանի որ նավթի դիմաց՝ պարեն ծրագրի վեցամսյա փուլն ավարտվում է այդ օրը։ Սակայն դեռեւս հստակ չէ, թե արդյո՞ք Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրաքում պատերազմելու ծրագրին ընդդիմացած անվտանգության խորհրդի անդամները կաջակցեն այդ օրինագծին։ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանն ասել են, որ մինչեւ տնտեսական պատժամիջոցների վերացումը ՄԱԿ-ի զինատեսուչները պետք է վերադառնան Իրաք եւ հաստատեն, որ այդ երկիրն այլեւս չունի զանգվածային բնաջնջման զենքեր։ Պարոն Նեգրոպոնտեն ասել է, թե օրինագծով որեւէ դեր չի վերապահված զինատեսուչներին։

XS
SM
MD
LG