Մատչելի հղումներ

Նորատիպ գրադարան Թուրքիայում


Թուրքիան նորատիպ մի գրադարան է բացել, որտեղից գիրք դուրս գրելու փոխարեն, կարելի է դուրս գրել անհատների, ովքեր ներկայացնում են ատելության կամ խտրականության թիրախ հանդիսացող մարդկանց ստերեոտիպեր։

՛՛Ամերիկայի Ձայնի՝՝ թղթակից Դորիան Ջոնզը վերջերս Ստամբուլում այցելել է ՛՛Կենդանի գրադարան՝՝ կոչվող այս հաստատությունը եւ զրուցել գրադարանի տնօրեն Մերի Իզաիլի հետ։ Վերջինս հուսով է, որ այս նախագիծը կնպաստի բազմամշակույթ հասարակության փոխհասկացողության բարելավմանը։

՛՛Այս գրադարան այցելողները կարող են իրենց ցանկացած նյութի մասին գիրք ընտրել։ Նրանց մեկ ժամ է տրվում իրենց ընտրած թեմային ծանոթանալու համար։ Սակայն, նրանք դուրս են գրում ոչ թե գիրք, այլ անհատներ, ովքեր տարբեր պատճառներով ենթարկվում են խտրականության՝՝, ասում է Մերի Իզրաիլը։

Գրադարանի գրացուցակում են տարբեր ազգերի անհատներ, հույներ, հայեր, քրդեր, հրեաներ, ալեւիներ, արաբներ, ինչպես նաեւ տաբեր բնութագրի տեր մարդիկ՝ մտավոր հիվանդներ, համասեռականներ, կույրեր, գլխաշոր կրող կանայք եւ այլն։

Առաջին անգամ նման գրադարան է բացվել 2000 թվականին Դանիայում, ցեղային խտրականության դեմ պայքարելու նպատակով։ Այդ ժամանակից ի վեր այդ գաղափարը տարածվել է ամբողջ աշխարհում։
21-ամյա Անոլ Չելիքն ասում է, թե ինքը այդ գրադարանն է այցելել հայերի հետ ծանոթանալու համար։ Նա նշում է, որ չնայած Թուրքիայում ապրում է 60,000 հայ, ինքը երբեք չի ծանոթացել հայկական ծագումով որեւէ անձի հետ։ Նրա կարծիքով, հայերը Թուրքիայում չափազանց փակ համայնք են։

Հայաստանն ու Թուրքիան շարունակում են տարակարծիք մնալ Օսմանյան կայսրության տարիներին իրագործված ցեղասպանության շուրջ։ Իսկ Թուրքիայում ապրող հայությունը հաճախ դժվարությունների է հանդիպում, որովհետեւ Թուրքիան հերքում է 1915 թվականի Հայոց ցեղասպնությունը։

Գրադարանում հայերին ներկայացնողը հայկական ծագմամբ 22-ամյա մի թրքուհի է, ով ասում է, թե այս օրերին մեծ հետաքրքրություն է առկա հայերի նկատմամբ։ Նա ասում է նաեւ, որ իր հետ ծանոթացողները ընդունում են, որ հայերի մասին տեղեկությունները հիմնականում ստացել են լրատվամիջոցներից, որոնք հաճախ սխալ են։

Գրադարանի տնօրենի համաձայն, շատեր հուսով են, որ այս ծրագիրը կնպաստի խտրականությունների վերացմանը, թեեւ գիտակցում է, որ դրա համար կպահանջվի երկար ժամանակ։

Թուրքիայի ժողովուրդը խիստ բեւեռացած է եւ կանխակալ կարծիքներ ունի փոքրամասնությունների մասին։ Սակայն այս գրադարան այցելողների հերթերից կարելի է եզրակացնել, որ թուրքերից շատեր այժմ պատրաստ են ընդլայնել իրենց մտահորիզոնը՝ Թուրքիայի բնակչության փոքրամասնությունների մասին։

XS
SM
MD
LG