Ամերիկայի Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովում հայտարարել է, թե նիգերիացի այն երիտասարդը, որը դեկտեմբեր ամսին փորձել էր պայթեցնել ամերիկյան մի օդանավ, կարեւոր տեղեկություններ է տրամադրում ալ-Քաիդայի ղեկավար անձանց մասին։
Ինչպես պաշտոնատար անձինք են ասում, այդ քայլին գնալու համար Ումար Ֆարուք Աբդուլմութալաբին անընդհատ խրախուսում են նրա ընտանիքի անդամները։
Անվտանգության հարցերով նույն լսումների ժամանակ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլեերը հավելել է, թե ինքը վստահ է, որ ալ-Քաիդան եկող երեքից վեց ամիսների ընթացքում նորից փորձելու է հարձակում իրականացնել ընդդեմ ԱՄՆ-ի։
Նույն զեկույցում Բլեերը խոսել է նաեւ կովկասյան տարածաշրջանի մասին, այն կարծիքը հայտնելով, թե ՝՝Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել՛՛։