Միացյալ նահանգների փոխնախագահ Ջո Բայդընը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկիին վստահեցրել է, որ ամերիկյան նոր ռազմավարությունը Աֆղանստանում ամերիկա-իրաքյան փոխհարաբերությունների հաշվին չի իրագործվի։
Սպիտակ տան հրապարակած հայտարարությունում Բայդընը երեքշաբթի օրը հեռախոսով զրուցել է Մալիկիի հետ, նախագահ Օբամայի ծրագրերը Աֆղանստանում եւ Պակիստանում քննարկելու համար։
Բայդընը նաեւ դրվատել է Իրաքի ընտրական օրենքի շուրջ առաջացած անելանելի կացությունը լուծելու Իրաքի վարչապետի ջանքերը։ Միացյալ Նահանգների փոխնախագահը կրկնել է շուտով համերկրային ընտրություններ կազմակերպելու պայմաններ ստեղծելու իր կոչը։
Իրաքի ղեկավարները փորձում են փոխզիջման հանգել ընտրական նոր օրենքի շուրջ, որը պետք է հաստատվի նախքան նոր ընտրությունների կայացումը։ Իրաքի ընտրական մարմինները հայտարարել են, թե ընտրությունները հունվարին տեղի ունենալ չեն կարող, ինչպես որ նախապես էր ծրագրվել։