Մատչելի հղումներ

Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում


Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրանցի իրավաբան Շիրին Էբադին միջազգային համայնքին կոչ է արել նեցուկ կանգնել Իրանում մարդու իրավունքների սահմանափակումները քննադատող ՄԱԿ-ի օրինագծին։

Էբադին հայտարարել է, թե ինքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հրավիրել է Իրան, անձամբ ծանոթանալու համար մարդու իրավունքների ոտնահարումներին։ Նա նշել է մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր, ներառյալ անչափահասներին մահապատժի ենթարկելը, կրոնական փոքրամասնությունների եւ կանանց դեմ խտրականություն բանեցնելը եւ խոսքի ազատությունը սահմանափակելը։

Շիրին Էբադին զգուշացրել է, որ անցյալ հունիսին Իրանում կայացած վիճելի ընտրություններից ի վեր մարդու իրավունքների վիճակը վատթարացել է։

Էբադին ասել է, թե նախագահ Մահմուդ Ահմադինէջադի վերընտրությանը ընդդիմացող ցույցերի հետեւանքով ձերբակալվածներից ոմանք մահացել են բանտում, խոշտանգումների ենթարկվելուց հետո։

Առաջիկա շաբաթ, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում քվեարկության է դրվելու չպարտավորեցնող մի օրինագիծ, որը քննադատում է, օրինագծի բնութագրմամբ, ՛՛մարդու իրավունքների լուրջ եւ շարունակվող խախտումները Իրանում եւ կոչ է անում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարելավի իր վարքագիծը՝՝։

Մարդու իրավունքների ջատագով Շիրին Էբադին Նյու Յորքում հայտարարել է, թե նախագահական ընտրություննրերից ի վեր ինքը ապրում է արտերկրում եւ Իրանի կառավարությունը, իր ընտանիքի վրա ճնշումներ բանեցնելուց բացի, փակել է իր գրասենյակը, բռնագրավել իր բնակարանը եւ բանկային հաշիվները։

XS
SM
MD
LG